News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի բնակիչները մարզպետ Համբարձում Մաթևոսյանի առաջարկով իրականացրել են ստորագրահավաք։ Բնակիչ Համլետ Աբովյանը NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ իրենց ընդունել է վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը։

«Մեր ստորագրահավաքը ներկայացրել ենք։ Մեզնից այսօր ինչ փաստաթուղթ, որ ուզել էին նախարարությունից, մենք ներկայացրել ենք։ Մեր հավաքած ստորագրությունները գյուղապետի նշած թվին գերազանցում է»,- ասաց Համլետ Աբովյանը, և ավելացրեց, որ մի քանի օր առաջ դիմել էին ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանին, և արձագանք մինչև երեկ դեռ չկար։

«Վաղը Դավիթ Սանասարյանի կողմից կլինի արձագանքը։ Վաղը կասեն՝ ինչ պետք է արվի, ու ինչ է արվել մինչև հիմա։ Մինչև հարցին լուծում չտրվի, ցույցերը չենք դադարեցնի։ Իրենք էլ ասացին, որ դա մեր իրավունքն է։ Մեզ ասացին, որ ամեն բան կվերանայվի վարչապետի կարգադրականով, գործերը կուսումնասիրվեն»,- հայտնեց բնակիչ Համլետ Աբովյանը։

Գյուղապետի այն հայտարարությանը, թե ցուցարարներն անօրինական ճանապարհով են իրականացնում իրենց բողոքի ակցիան, բնակիչն ասաց հետևյալը. «Երեկ եղել է մի միջադեպ, մեր ակտիվիստներից մեկին հայհոյել են, քաշքշել են, ամեն բան արել են, որ կռիվ դառնա։ Ու ստացվել ա մեծ կոնֆլիկտ»,- պատմեց բնակիչը։

Բնակիչները ասում են, որ ունեն թարմ և խելացի կադրեր, որոնք կարող են աշխատել որպես համայնքապետ, մարզպետից էլ ակնկալիք չունեն։

NEWS.am-ի հետ զրույցում Զարթոնքի գյուղապետ Պարույր Սարգսյանը ասաց, որ չի հավատում, որ ստորագրահավաքը մաքուր ճանապարհով է անցկացվել։ Ցուցարարների անցկացրած ստորագրահավաքը պետք է ստուգվի ամբողջությամբ. «Էտ ստորագրահավաքը մենակ իրանց անելով չի, պետք ա տեսնենք՝ էդ համայնքի բնակիչներն են ստորագրել, թե չէ։ Ենթադրենք՝ դա իրականությանը համապատասխանում է։ Եթե ստուգվի, և սահմանված ստորագրությունների քանակը լինի սահմանված չափով, ապա ես կտամ հրաժարականս։ Եվ ես իմ թղթերը հանձնել եմ իրավապահ մարմիններին, հերիք ա, ինչքան զրպարտեցին ինձ, ես անմեղ եմ, և աշխատել եմ՝ որքան հնարավոր է անաչառ լինել»,- ասաց Պարույր Սարգսյանը։

Ինչը վերաբերվում է երիտասարդ կադրերին՝ գյուղապետը դեմ չէ, և նշեց, որ միևնույն է, լինելու է համայնքերի խոշորացում. «էս ա՝ կգան նոր ընտրություններ, էդ ժամանակ էլ մենք հաջողություն կասենք։ Մեծ մասն իմ կողքին է։ Ու ես հրաժարական չեմ տա»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ գյուղապետ Պարույր Սարգսյանը հայտարարել էր 400-450 ստորագրություն հավաքելու դեպքում կտա հրաժարական։ Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի բնակիչները արդեն երկրորդ անգամն է՝ գալիս են կառավարություն, պահանջելով 23 տարվա գյուղապետ Պարույր Սարգսյանի հրաժարականը, իրեն մեղադրելով մի շարք անօրինականությունների մեջ։

Տպել
Ամենաշատ