News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մարտի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության նախարար Պետեր Էրիկսոնին:

Ողջունելով հյուրի առաջին այցելությունը Հայաստան՝ Զոհրաբ Մնացականյանը շնորհավորել է Պետեր Էրիկսոնին այս պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել կարևոր առաքելության մեջ։

Կողմերն արժևորել են երկու երկրների միջև առկա քաղաքական երկխոսության դինամիկան և վերահաստատեցին փոխադարձ հանձնառությունը՝ խորացնելու փոխշահավետ համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ ձևաչափերում: Նախարարներն առանձնահատուկ կարևորել են բարձրաստիճան շփումների և փոխայցելությունների կազմակերպումը:

Նախարար Մնացականյանն ընդգծել է նաև խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ հարաբերությունների առաջմղման գործում:

Նախարար Մնացականյանն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումներին և ժողովրդի լայն մանդատի հիման վրա կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների գործընթացին՝ ուղղված  ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության առավել ամրապնդմանը: Որպես կառավարության առաջնահերթություն՝ նախարար Մնացականյանն առանձնացրել է բարձր տեխնոլոգիաների և նորարարության վրա հիմնված տնտեսական հեղափոխության համար նպաստավոր պայմանների ստեղծումը:

ՀՀ ԱԳ ղեկավարը զրուցակցին ներկայացրել է այս տարվա հոկտեմբերին Երևանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական աշխատանքները և հույս հայտնել, որ շվեդական կողմն իր ակտիվ մասնակցությունը կունենա այս միջոցառմանը:

Հանդիպման օրակարգում էին նաև բնապահպանության, այլընտրանքային էներգետիկայի ոլորտներում համագործակցության հեռանկարներին անչվող հարցեր:

Զրուցակիցները մտքեր են փոխանակեցին նաև Հայաստան-ԵՄ գործընկերության շուրջ: Այդ համատեքստում Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ Արևելյան գործընկերության 10-ամյա հոբելյանը լավ առիթ է անդրադառնալու արձանագրված ձեռքբերումներին և ուրվագծելու համատեղ աշխատանքի հեռանկարները՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով երիտասարդությանը և նորարարությանը:

Զրուցակցի խնդրանքով՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի մոտեցումները և սկզբունքային դիրքորոշումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ