Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն քննադատել է Գոլանի բարձունքների հանդեպ Իսրայելի ինքնավարությունը ճանաչելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թվիթը՝ հայտնում է «Անադոլուն»։
«Պետությունների տարածքային ամբողջականությունը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից է»,- Twitter-ում գրել է Չավուշօղլուն՝ հավելելով․ «Իսրայելի գործողությունները օրինականացնելու Թրամփի փորձերը հակասում են միջազգային իրավունքին եւ կհանգեցնեն տարածաշրջանում միայն ավելի շատ բռնության եւ ցավի։ Թուրքիան պաշտպանում է Սիրիայի տարածքային ամբողջականությունը»։
«52 տարի անց եկել է ժամանակը, որպեսզի ԱՄՆ-ը ճանաչի Գոլանի բարձունքների հանդեպ Իսրայելի ինքնավարությունը, ինչը ծայրահեղ կարեւոր ռազմավարական նշանակություն ունի Իսրայելի պետության անվտանգության եւ տարածաշրջանային կայունության համար»,- Twitter-ում գրել էր ԱՄՆ նախագահը։
Թրամփի հայտարարությունը հետեւել էր Իսրայել պետքարտուղար Մայք Պոմպեոյի այցին։ Պոմպեոյի հետ հանդիպման ժամանակ երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուն միջազգային հանրությանը կոչ էր արել ճանաչել Գոլանի բարձունքների հանդեպ Իսրայելի ինքնավարությունը։
Գոլանի բարձունքները վիճահարույց տարածք է Մերձավոր Արեւելքում։ Դրա մեծ մասը ներկայում վերահսկվում է Իսրայելի կողմից, իսկ արեւելյան մասը՝ Սիրիայի կողմից։ Ինչպես Իսրայելը, այնպես էլ Սիրիան Գոլանի բարձունքները համարում են իրենց տարածքի մի մասը։





























