News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սիրիան վճռականորեն դատապարտում է ԱՄՆ նախագահի անպատասխանատու հայտարարությունները օկուպացված սիրիական Գոլանի բարձունքների մասին: Այս մասին պետական ՍԱՆԱ լրատվական գործակալությանն ասել է երկրի ԱԳ եւ ներգաղթյալների հարցերով նախարարությունում պաշտոնական աղբյուրը:

Նրա խոսքով՝ «օկուպացված սիրիական Գոլանի հարցում ամերիկյան դիրքորոշումը հստակ արտահայտում է միջազգային օրինականության հանդեպ ԱՄՆ քամահրանքը եւ նրա որոշումների աղաղակող խախտումը, մասնավորապես 1981 թվականի ՄԱԿ Անվտանգության խորհրդի 497 բանաձեւի, որի օգտին միաձայն քվեարկել էին ԱԽ անդամները, այդ թվում՝ ԱՄՆ-ն, եւ որը կտականապես մերժում է իսրայելական կառավարության որոշումը՝ այն անվավեր ու իրավաբանական ուժ չունեցող համարելով»:

«Միջազգային հանրությանն ակնհայտ դարձավ, որ Միացյալ Նահանգներն իր գերիշխանության եւ մեծամտության քաղաքականությամբ դարձել է միջազգային իրադրության սրման եւ խաղաղության ու կայունության սպառնալիքի գլխավոր գործոնը: Սա աշխարհի բոլոր պետություններից պահանջում է վերջ դնել ամերիկյան մեծամտությանը, վերականգնել միջազգային օրինականությունը, որպեսզի ամբողջ աշխարհում պահպանվի խաղաղությունը, անվտանգությունը եւ կայունությունը»,- շեշտված է Սիրիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

«Սիրիայի ժողովուրդը լի է վճռականությամբ իր տարածքի այդ թանկ հատվածն ազատելու հասանելի բոլոր միջոցներով եւ վաղ թե ուշ այն վերադարձնելու մայր Հայրենիքի վերահսկողությանը»,- նշված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփը հայտարարել է Գոլանի բարձունքների վրա Իսրայելի ինքնիշխանության ճանաչման անհրաժեշտության մասին: «52 տարի հետո եկել է ժամանակը, որպեսզի ԱՄՆ-ն ճանաչի Գոլանի բարձունքների վրա Իսրայելի ինքնիշխանությունը, ինչը չափազանց կարեւոր ռազմավարական նշանակություն ունի Իսրայել պետության անվտանգության եւ տարածաշրջանային կայունության համար»,- նշել էր նա Twitter-ում:

Թրամփի հայտարարությունը հաջորդել էր ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի Իսրայել այցին: Պոմպեոյի հետ հանդիպման ժամանակ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն միջազգային հանրությանը կոչ էր արել ճանաչել Գոլանի բարձունքների վրա Իսրայելի ինքնիշխանությունը: Սպասվում է, որ հաջորդ շաբաթ Նեթանյահուն Վաշինգտոն կայցելի, որտեղ նախատեսված է Թրամփի հետ 2 հանդիպում: Ավելի վաղ AP-ն հայտնել էր, որ ԱՄՆ-ն, հնարավոր է, հաջորդ շաբաթ ճանաչի Գոլանի բարձունքների վրա Իսրայելի ինքնիշխանությունը:

Գոլանի բարձունքները Մերձավոր Արեւելքում վիճելի տարածք է: Դրա մեծ մասը ներկայումս վերահսկում է Իսրայելը, իսկ արեւելյան հատվածը՝ Սիրիան: Ինչպես Իսրայելը, այնպես էլ Սիրիան Գոլանի բարձունքները համարում են իրենց տարածքի մասը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ