Գոլանի բարձունքները սիրիական տարածք է՝ օկուպացված Իսրայելի կողմից: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Ուլրիկե Դեմմերը` մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գոլանի նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելու մասին հայտարարությունը, հաղորդում է Reuters-ը:
«Եթե պետք է փոխել ազգային սահմանները, դա պետք է արվի խաղաղ ճանապարհով` բոլոր կողմերի մասնակցությամբ: Գերմանիայի կառավարությունը մերժում է միակողմանի քայլերը», - ասել է նա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Գոլանի նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելու անհրաժեշտության մասին:
««52 տարի անց եկել է ժամանակը, որպեսզի ԱՄՆ-ն ճանաչի Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը, ինչը ծայրահեղ կարեւոր ռազմավարական նշանակություն ունի Իսրայել պետության անվտանգության եւ տարածաշրջանային կայունության համար»,- Twitter-ում գրել է ԱՄՆ նախագահը:
Գոլանի բարձունքները Մերձավոր Արեւելքում վիճելի տարածք է: Դրա մեծ մասը ներկայումս վերահսկում է Իսրայելը, իսկ արեւելյան հատվածը՝ Սիրիան: Ինչպես Իսրայելը, այնպես էլ Սիրիան Գոլանի բարձունքները համարում են իրենց տարածքի մասը: 1944-1967 թվականներին Գոլանի բարձունքները եղել են Սիրիայի Կունեյտրա նահանգի կազմում: Արեւմտյան հատվածը (տարածքի երկու երրորդը) 1967 թ. հունիսին վեցօրյա պատերազմում գրավվել է Իսրայելի կողմից: