News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մարտի 22-ին Ջրի համաշխարհային օրվան նվիրված համատեղ միջոցառում են կազմակերպել Բնապահպանության նախարարությունը եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելությունը։ ՄԱԿ-ի կողմից հռչակված օրվա խորհուրդն է՝ ջրի կենսական կարեւորության, ջրային ռեսուրսների օգտագործման, պահպանման, ինչպես նաեւ աղտոտված ջուրն առողջության եւ գոյատեւման համար մաքուր եւ անվտանգ դարձնելու խնդիրներին հասարակության ուշադրության բեւեռելը։

Ողջույնի խոսքում բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը նշել է, որ ոլորտում տարվող քաղաքականության շրջանակներում մշակվում է Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման ռազմավարություն, որի լուծելիք խնդիրն մեկն է՝ Հանրապետության ջրային ռեսուրսների՝ ի շահ մեր պետության առավելագույնս օգտագործելը։

Նշելով, որ տարբեր հաշվարկներով Հայաստանում ձեւավորվող 7-8 մլրդ մ³ ջրերից 4-5 մլրդ մ³-ը հոսում է մեր երկրի տարածքից դուրս, նախարարը ոլորտի առաջնային խնդիր է համարել ճիշտ կառավարմամբ ջրային ռեսուրսների առավելագույն օգտագործումը՝ կլիմայական փոփոխությունների եւ աճող պահանջարկի պայմաններում, ինչպես նաեւ ջրի որակի ապահովումը՝ աղտոտման կանխարգելման սկզբունքով։ Բնապահպանության նախարարը շնորհավորել է Ջրի համաշխարհային օրվա կապակցությամբ եւ կոչ արել բոլոր շահագրգիռ կազմակերպություններին եւ անհատներին միավորել ջանքերը ոլորտում առկա խնդիրները լուծելու համար։

ԱՄՆ ՄՋԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիսերը նշել է, որ գործակալությունն աջակցում է ոլորտում կառավարության որդեգրած քաղաքականության արդյունավետ իրականացմանը եւ ջրային ռեսուրսների կառավարմանը հասարակության լայն շերտերի մասնակցության խթանմանը։

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ նախարար Գրիգորյանը տեղեկացրել է ոլորտի խնդիրների լուծման ուղղությամբ տարվող լայնածավալ միջոցառումների մասին, որի շրջանակներում միայն վերջին 6 ամսում նախարարությունը՝ ջրային ռեսուրսների օգտագործման պայմանների 280 խախտում է հայտնաբերել եւ ուղարկվել իրավապահ մարմիններին, այն դեպքում, երբ նախորդ երեք տարիների ընթացքում բացահայտված խախտումները 15-ն են եղել։

Միջոցառմանը բարձրացվել են մակերեւութային եւ ստորերկրյա ջրերի խնդիրներին եւ դրանց արդյունավետ օգտագործմանը վերաբերող հարցեր, ներկայացվել լուծման ընթացիկ եւ հեռանկարային ծրագրեր՝ նկատի ունենալով աշխարհի ներկա վիճակը, երբ, ավելի քան 30 երկիր ջրի սակավության խնդիր ունի, շուրջ մեկ միլիարդ մարդ չունի խմելու ջրից օգտվելու հնարավորություն, իսկ 2,6 միլիարդը` ջրի օգտագործման սանիտարահիգիենիկ պայմաններ:

Տպել
Ամենաշատ