News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մսի իրացման կետերում թեեւ վիճակը զգալիորեն բարելավվել է, սակայն դեռ հեռու է բավարար լինելուց. խնդիրներ կան, որոնք, այո, համալիր լուծումներ են պահանջում, սակայն կան թերացումներ, որոնց նկատմամբ լիազոր մարմնը չի կարող հանդուրժողականություն դրսեւորել եւ չի դրսեւորելու: Այս մասին ասել է ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը Երեւանի շուկաների տնօրենների, մսի իրացմամբ զբաղվող տնտեսվարողների եւ անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող  անասնաբուժների հետ հանդիպման ընթացքում:

Տեսչական մարմնի ղեկավարը ներկաներին հորդորել է խիստ ուշադրություն դարձնել շուկայահանմանը ներկայացվող անասնաբուժասանիտարական անվտանգությանը եւ վաճառքի կետերի սանիտարահիգիենիկ տարրական պահանջներին, միսն ու ենթամթերքը ստանալ եւ դրանց իրացումն իրականացնել միայն անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի առկայության դեպքում՝ հիգիենիկ պայմաններում: Նա հիշեցրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերն այն մասին, որ՝ եթե մենք, փողոցներում, մայթերին մսի առեւտուրը հանդուրժենք այն տրամաբանությամբ, որ մենք դրանով սոցիալական խնդիր ենք լուծում, նշանակում է, որ մենք հանդուրժում ենք, որ մեր երկիրը պետք է լինի ցածր ստանդարտների երկիր: Գեորգի Ավետիսյանն ընդգծել է, որ կարեւորագույն խնդիր է չափանիշների բարձրացումն ու դրանց ապահովումը:

Հանդիպմանը մասնակցող ՍԱՏՄ անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը միս վաճառող տնտեսավարողներին հորդորել է ուշադրություն դարձնել անձնակազմի սանիտարական գրքույկների բացակայության եւ պարբերական բուժզննության ժամկետների խախտման խնդիրներին:

Տնտեսվարողները ներկայացրել են այն խնդիրները, որոնց լուծման համար ակնկալում են պետության ու լիազոր մարմնի աջակցությունը: ՍԱՏՄ պաշտոնյաները հավաստիացրել են, որ պետական վերահսկողական միջոցառումները լինելու են շարունակական, պայմանավորվածություն է ձեռք բերվել հետեւողական եւ գործուն քայլեր ձեռնարկել նշված խախտումները վերացնելու ուղղությումբ, իսկ անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն եւ տեղեկատվություն տնտեսավարողները կարող են ստանալ ցանկացած պահի՝ այդ թվում եւ թեժ գծի միջոցով:

Տպել
Ամենաշատ