News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ուրցաձորցիները այսօր՝ մարտի 22-ին Գլխավոր դատախազություն էին գնացել՝ պահանջելով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ հանդիպում։

«Դավթյան, իջե՛ք, թե չէ՝ 15 րոպե անց մենք ենք մտնելու»,– դատախազության բակում վանկարկում էին ուրցաձորցիները։

Նրանց բողոքը համայնքի վերընտրված ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանի դեմ է։ Ցուցարարների խոսքով՝  գյուղապետը համայնքային սեփականություն հանդիսացող շարժական, անշարժ գույքը դարձրել է իր սեփականությունը, նա անընդհատ ոտնահարում է գյուղացիների իրավունքները, սոցիալապես անապահով ընտանիքների համար համայնքից գումար է դուրս գրում, բայց այդ գումարը չի հասնում անապահով ընտանիքներին։

Ցուցարարներին է մոտեցել կոռուպցիայի վարչության ավագ դատախազ Նելլի Աշրաֆյանը և առաջարկել, որ ցուցարարներից երկուսը բարձրանան կոռուպցիայի վարչության պետի տեղակալի մոտ։ «Հանուն ժողովրդի բարեկեցության» մարդասիրական և տնտեսական զարգացման ՀԿ-ի տնօրեն Այսեր Իսայանը ցուցարարների անունից ասաց, որ համայնքի անդամները պահանջում են՝  բոլորին թողնել մուտք գործել դատախազություն և խոսել գլխավոր դատախազի հետ։

Արդյունքում ուրցաձորցիները 5-7 հոգով դատախազության շենքում հանդիպեցին կոռուպցիայի վարչության պետ Արսեն Սիմոնյանի հետ։

Հիշեցնենք, որ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի բնակիչները  երկարատեւ բողոքի ակցիաներ էին արել, պահանջելով՝  համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանի  հրաժարականը, նրան մեղադրելով մի շարք անօրինականությունների մեջ, և դրա հետևանքով  Ռաֆիկ Անդրեասյանը տվել էր հրաժարական, սակայն նոր ընտրություններում կրկին հաղթել էր ու դարձել համայնքապետ:

Տպել
Ամենաշատ