News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Գոլանի բարձունքների ճանաչումը որպես իսրայելական տարածք չի արվում վարչապետ Բենիամին Նեթանյահուին աջակցելու համար՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Fox News Business-ին տված հարցազրույցում երկրի ղեկավարին հարցրել են, թե կապված է արդյոք ճանաչման մասին որոշումը նույն պաշտոնում վերընտրվելու համար Նեթանյահուին աջակցելու հետ։

«Ես նույնիսկ այդ մասին չգիտեի։ Ես պատկերացում չունեմ՝ լավ են արդյոք ընթանում նրա գործերը, սակայն լսել եմ, որ լավ են։ Կարծում եմ՝ մյուս կողմը, որ հանդես է գալիս նրա դեմ, նույնպես համաձայն է այն բանի հետ, ինչը ես արել եմ»,- հայտարարել է Թրամփը։

Թրամփը հինգշաբթի Twitter-ում հայտարարել էր, թե եկել է Գոլանի բարձունքների հանդեպ Իսրայելի ինքնավարությունը ճանաչելու ժամանակը, ինչը «ծայրահեղ կարեւոր ռազմավարական նշանակություն ունի Իսրայելի պետության անվտանգության եւ տարածաշրջանային կայունության համար»։ Մերձավոր Արեւելքի եւ Եվրոպայի մի շարք երկրներ արդեն ափսոսանք են հայտնել այդ որոշման առիթով։

Թրամփի հայտարարությունը հետեւել էր Իսրայել պետքարտուղար Մայք Պոմպեոյի այցին։ Պոմպեոյի հետ հանդիպման ժամանակ երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուն միջազգային հանրությանը կոչ էր արել ճանաչել Գոլանի բարձունքների հանդեպ Իսրայելի ինքնավարությունը։ Հաջորդ շաբաթ Նեթանյահուն կայցելի ԱՄՆ, որտեղ երկու անգամ կհանդիպի նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Ավելի վաղ AP-ը հայտնել էր, որ ԱՄՆ-ը կարող է Գոլանի բարձունքների հանդեպ Իսրայելի ինքնավարությունը պաշտոնապես ճանաչել։

Գոլանի բարձունքները վիճահարույց տարածք է Մերձավոր Արեւելքում։ Դրա մեծ մասը ներկայում վերահսկվում է Իսրայելի կողմից, իսկ արեւելյան մասը՝ Սիրիայի կողմից։ Ինչպես Իսրայելը, այնպես էլ Սիրիան Գոլանի բարձունքները համարում են իրենց տարածքի մի մասը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ