News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի Աշտարակ–Թալին հատվածի (Տրանշ 2) շինարարությունն իրականացնող իսպանական «Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Ա» ընկերությանը սպասարկող ենթակապալառու 21 ընկերությունները 2018 թվականի օգոստոսից առ այսօր կատարողական վճարներ չեն ստացել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ենթակապալառու ընկերություններից մեկի տնօրենը, որը նախընտրեց չհրապարակել իր անունը։ 

«Պատճառաբանելով, որ ձմեռ է սկսվել, «Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Ա» ընկերությունը դեկտեմբերին դադարեցրել է շինարարական աշխատանքները եւ լքել է Հայաստանը։ Մենք բազմիցս դիմել ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Տրանսպորտի եւ կապի նախարարությանը, Պետական եկամուտների կոմիտեին, սակայն առ այսօր ոչ մի լուծում չի ստացել մեր խնդիրը։ Նախարարությունից պատճառաբանում են, որ սպասեք, համբերեք, կլինի վճարները, «Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Ա»–ն ասում է՝ կառավարությունը սեպտեմբերից չի վճարել իրենց, նախարարությունն ասում է՝ «Կորսիանը» գումար չունի ստանալու, մի խոսքով՝ մեզ դարձրել են շարիկ, գլորում են այստեղից այնտեղ»,–ասաց նա։

Ենթակապալառու ընկերության տնօրենը նշում է՝ ընդհանուր գումարը, որը իսպանական ընկերությունը չի վճարել, կազմում է մոտ 2.5 մլրդ դրամ։

«Երբ նախարարությունից հայտարարում են, թե Հյուսիս–Հարավի շինարարական աշխատանքների տեմպն ավելացել է, ես վստահ կարող եմ ասել, որ Տրանշ 2-ի մոտավորապես 47 կիլոմետրի վրա չկան ոչ բանվորներ, ոչ տեխնիկա»,–շեշտում է նա։

Նրա խոսքով՝ ենթակապալառու ընկերությունները կանգնած են սնանկացման վտանգի առաջ, իսկ 800 բանվորներն էլ գործազուրկ են դարձել, եւ մի քանի ամիս է՝ աշխատավարձ չեն ստացել։

Ենթակապալառու ընկերությունները պահանջում են ՀՀ կառավարությունից այս հարցին լուծում տալ, օգնել իրենց ստանալ կատարողական վճարները. «Տենդերը կառավարությունն է հայտարարել, իսպանական ընկերությանը բերել է մեր կառավարությունը, ուստի մեզ պետք է սատար կանգնի»։

Նշենք, որ իսպանական «Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Ա» ընկերությունը «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի մի հատվածի շինարարության տենդերը շահել էր 2012 թվականին։

Տպել
Ամենաշատ