News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
USD
476.48
EUR
535.52
RUB
7.56
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը

Ուրցաձորի հողերը, գրեթե ամբողջությամբ, սեփականաշնորհվել են գյուղապետի, նրա զավակների անունով։ Այս մասին NEWS.am-ի հետ զույցում ասացին ուրցաձորցիները, որոնք գյուղապետ Ռաֆիկ Անդրեասյանի դեմ բողոքով եկել էին դատախազություն։

 «Դանակը ոսկորին է հասել, որ մեր հողագործությունը, բեղուն աշխատանքի շրջանը թողել՝ եկել ենք ՀՀ դատախազության դուռն ենք բռնել։ Թալանել է գյուղի այն բոլոր միջոցները, որը կարող էր ներդրվել գյուղի ճանապարհների, գազաֆիկացման, ջրագծերի անցկացման մեջ»,- ասաց Ուրցաձորի բնակիչներից մեկը՝ հավելելով, որ գյուղի հողային տարածքները, գրեթե ամբողջությամբ, սեփականաշնորհել է իր, որդու և աղջկա անունով։

«Ամենախայտառակ բանը այն է, որ 20 տարիների ընթացքում ձեռքի տակ են հայտնվել այն փաստաթղթերը, ըստ որոնց՝ ամբողջ գյուղի ընտիր հողերի, կարևոր օբյեկտների կեղծ սեփականաշնորհում է արվել։ Քրեական գործ էր քննվում, որտեղ ես նույնպես տուժողների ներկայացուցիչ էի ներգրավված։ Այդտեղ էլ ակնհայտ դարձավ, որ հանցագործությունների ճյուղերից մեկը գնում էր դեպի Ռաֆիկ Անդրեասյանը․ գործը կոծկեցին 100 տոկոսով։ Եթե հարցը չլուծվի, այս անգամ արդեն կդիմենք Եվրոպական դատարան»,- ասացին գյուղացիները։

Ուրցաձորցիների խոսքով՝ 30 տարի թալանած մարդուն չեն կարող կրկին հավատալ, որ այլևս չի թալանի։ Գյուղացիները նաեւ պնդեցին, որ Արարատի մարզում դրական որեւէ տեղաշարժ չկա։

«Սերժը մի օր երկու օրից հրաժարվեց, բայց ինքը չի ուզում հրաժարվի։ Չեն ուզում թողնեն, մի ջահել մարդ գա, ղեկավարի։ Լրիվ ալիևյան դինաստիա են սարքել գյուղը։ Մենք ավազակ, գող, ֆալշ գյուղապետ չենք ուզում»,- ասաց համայնքի բնակիչներից մեկը։

«Բողոքները քննարկել են, որոշ հարցերին տրվել են պարզաբանումներ։ Եղել է փոխադարձ պայմանավորվածություն, որ աշխատանքներ կտարվեն այդ ուղղությամբ»,- NEWS.am–ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայության աշխատակիցը։

Հիշեցնենք, որ 2018 թվականի հոկտեմբերի 10-ին Ուրցաձորի համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանը համայնքում մոտ տասը օր տեւած բողոքի ակցիաների պատճառով հրաժարական տվեց: Նա հրաժարականի օրը ուրցաձորցիներին խոստացավ ընտրություններին կրկին առաջադրվել։ Նոր ընտրություններում նա կրկին հաղթեց ու դարձավ համայնքապետ: Վերջինս Ուրցաձորը ղեկավարում է 1999 թվականից:

Տպել
Ամենաշատ