News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանն ընդունել է «Իտալիայի ճարտարապետների, նախագծողների, լանդշաֆտային ճարտարապետների եւ վերականգնողների ազգային խորհրդի» ներկայացուցիչ, ճարտարապետ Լիվիո Սակկին, որը Հայաստանում մասնակցում է այս օրերին՝ Իտալական դիզայնի օրվա շրջանակում անցկացվող միջոցառումներին:

Դրանց շրջանակներում Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանում անցկացվել էին «Խելացի քաղաք» խորագրով դասախոսություններ:

Լիվիո Սակկին բարձր գնահատելով միջոցառումների կազմակերպվածությունը, նշել է, որ դրանք առավել սերտ են ընդգծել Հայաստանի եւ Իտալիայի համապատասխան ոլորտների, ինչպես նաեւ ճարտարապետական դպրոցների միջեւ առկա համագործակցությունը: Նա պատմել է Իտալիայի ճարտարապետական տարբեր կառույցների եւ իրենց կառավարության միջեւ հաստատված կապերի մասին՝ տեղեկություններ հաղորդելով մասնագիտական հանրության այսօրվա անելիքներից եւ խնդրիներից:

«Դեպքերը զարգացել են այնպես, որ երբեմնի հզոր Հայաստանից մնացել է մի փոքրիկ մասնիկ, սակայն մեր տարածաշրջանում գտնվող պետությունները ողողված են հայկական ճարտարապետական հուշարձաններով: Դրանք մեր քաղաքակրթության քարե վկաներն են: Բազմաթիվ հուշարձաններ, հնամենի պատմություն ունեցող քաղաքներ գտնվում են նաեւ մեր պետության տարածքում»,- ասել է Վահագն Վերմիշյանը, նշելով, որ դրանք պահպանելու, համայնքները զարգացնելու հարցում՝ տեխնոլոգիաների եւ փորձառության մասով օգնության կարիք կա:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը խոսել է մեր երկրի տարածքային համամասնական զարգացման կարեւորության մասին: Իտալացի գործընկերը համաձայնել է՝ տարածքային զարգացման ու կյանքի որակի տարբերությունները հանրապետության տարածաշրջաններում ակնհայտ են եւ դրանք պետք է մեղմել:

Բազմաթիվ անելիքներ կան նաեւ խոշոր քաղաքներում՝ Լիվիո Սակկին նշել է, որ Իտալիայում եւս ժամանակին շատ սխալներ են արվել, քաղաքների պատմական կենտրոնները պահպանվել, սակայն արվարձաններն անտեսվել են: Իրենք սովորել են սեփական սխալների վրա:

Ուշագրավ առաջարկ է արել Վահագն Վերմիշյանը՝ իտալացի մասնագետները կարող են որոշակի ժամանակահատված ապրել հին պատմություն ունեցող հայկական համայնքներում, ուսումնասիրել մշակույթը, առանձնահատկությունները եւ ներկայացնել տվյալ համայնքի զարգացման իրենց պատկերացումները:

«Հայաստանի սիրտը բաց է, ովքեր լավ գաղափարներով կգան, նրանք տեղ կգտնեն այնտեղ»,- ասել է Վահագն Վերմիշյանը:

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են մշտական կապ պահպանել՝ համագործակցության հետագա քայլերը որոշելու նպատակով:

Տպել
Ամենաշատ