News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

«Հայկական ռեստորանների միությունը» Հայաստանի Առողջապահության նախարարությանը երկխոսության կոչ է անում ծխելու արգելքի մասին օրինագծի շուրջ: Օրինագծի համաձայն՝ արգելքը տարածվում է նաեւ հանրային սննդի օբյեկտների վրա, սակայն ռեստորատորները կտրականապես համաձայն չեն որոշ ձեւակերպումներին:

Մարտի 23-ին լրագրողների հետ զրույցում MBG Hospitality-ի կառավարող գործընկեր Աշոտ Բարսեղյանը նշեց, որ ռեստորատորները համաձայն են փակ հաստատությունների տարածքում ծխելու լիակատար արգելքին: Միաժամանակ, նշեց, որ կիսափակ հաստատություններին վերաբերող ձեւակերպումներն անընդունելի են: «Միանշանակ է, որ այստեղ կոռուպցիոն ռիսկեր կան, քանի որ ձեւակերպումները բաղարձակապես հստակ չեն: Դրանից բացի, անհասկանալի է նաեւ տուգանքային պատժամիջոցների բուն մեխանիզմը. ո՞վ պետք է վերահսկի այս գործընթացը, եւ ինչո՞ւ են տուգանքներն այդքան բարձր»,- նշեց փորձագետը:

Նրա խոսքով՝ օրինագծում մեծ թվով բացթողումներ կան, սակայն ԱՆ-ն հանրային քննարկումներ չի անցկացնում, այդ թվում՝ ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչների հետ: Մինչդեռ, ռեստորատորներն արդեն 2 ամիս է, ինչ առաջարկների իրենց փաթեթն են պատրաստել: Դրանից բացի, նրանց պատվերով անցկացվել է օրինագծի իրավական գնահատում:

Բարսեղյանը շեշտեց, որ օրինագծի որոշ դրույթներ հակասում են բիզնեսի վարման մեխանիզմներին, ինչը եւս մտահոգություն է հարուցում: «Կիսափակ հաստատություններին վերաբերող ձեւակերպումները պետք է օրինագծից բացառվեն»,-նշեց նա:

«Միակ բանը, որին համաձայն ենք, փակ հաստատություններում ծխելու լիակատար արգելքն է, քանի որ ծխախոտի ծխի բացակայությունը մարդուն թույլ է տալիս ճաշատեսակների եւ ըմպելիքների համն ու բույրն ավելի լավ ընկալել: Դրանից բացի, այս քայլը ռեստորաններին ձեռնտու է՝ հաշվի առնելով, օրինակ, էլեկտրաէներգիայի ծախսերի նվազումը»,- հավելեց Բարսեղյանը:

Նա նաեւ տեղեկացրեց, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը անհասկանալի պատճառներով դադարեցրել է օրինագծի շուրջ ռեստորատորների հետ երկխոսությունը: Նախկինում երկխոսությունը վարվում էր մասնավոր հիմունքներով, սակայն ռեստորատորները Առողջապահության նախարարության պաշտոնական արձագանքի հույս ունեն:

«Եթե օրենքն ընդունվի ներկայիս խմբագրմամբ, ապա մենք մեր կողմից որոշակի քայլեր կձեռնարկենք: Սակայն ես համոզված եմ, որ օրինագիծը ներկայիս ձեւակերպումներով չի կարող ներկայացվել Ազգային ժողով»,- նշեց Բարսեղյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ