News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Իմ ֆեյսբուքյան էջում արված վերջին գրառումը, որը քննարկման մեծ ալիք բարձրացրեց,  հիմա էլ կանեի, բայց ձեւակերպումների մեջ ավելի զգույշ կլինեի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլ» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը։

«Այդ գրառումը, կարծում եմ, հիմա էլ կանեի, մի քիչ զգույշ ուղղակի, ոչ պոռթկմամբ, ձեւակերպումների մեջ կլինեի զգույշ, բովանդակության առումով որեւէ բան չէի փոխի»,– նշեց նա։

Անդրադառնալով մեկնաբանությունները, թե պատգամավորը լրատվամիջոցներին «սեւի ու սպիտակի» է բաժանել, նա նշեց. «Եթե նույնիսկ դաշտը բաժանել եմ «սեւի ու սպիտակի», ապա կուզեի այնտեղ տեսնել շատ սպիտակներ, սակայն այդ սպիտակը չի նշանակում, որ մեր կողքին պետք է կանգներ։ Պետք է մեր դիմաց կանգներ, բայց լիներ սպիտակ, այսինքն՝ քննադատեն, չզրպարտեն, թերությունները վերհանեն եւ մեզ ստիպեն աշխատել։ Ինձ համար սպիտակը դա է, ոչ թե՝ ով մեզ հետ է, սպիտակ է, ով մեր դեմ է՝ սեւ է։ Բնավ դրա մասին չէ խոսքը, եթե մարդիկ չեն հասկանում, դա իրենց խնդիրն է արդեն։ Այդ գրառումը, ես կարծում եմ, տվեց իր պտուղները, որովհետեւ օրեր շարունակ արդեն մեդիայի հարցն է ամենուրեք քննարկվում, հուսով եմ՝ լուծումներ կգտնվեն, կհամակարգվի այդ ոլորտը»։

Իսկ սոցցանցում ապակտիվացման մասով Լուսինե Բադալյանը նշեց. «Ով ինչ ուզում է, թող խոսի, այսինքն՝ այնքան խոսելու բան չկա երկրում, որ մարդկանց կյանքը կառուցվում է իմ անձի շուրջ. ես ակտիվացա, ես ապաակատիվացա, ես խոսեցի, ես լռեցի։ Դա խնդիր է, բայց իմ խնդիրը չէ, այդ մարդիկ պետք է մտածեն, իսկ ապաակտիվացել եմ մի պատճառով, որ Ֆեյսբուքը ինձանից տանում է ժամանակ, էներգիա, տրամադրություն. եւ երբ Ֆեյսբուքը չկա, դու հասկանում ես, որ դրսում կա կյանք, մարդիկ աշխատում են, գործ են անում, շփվում են»։

Պատգամավորի խոսքով՝ երկրում երկար ժամանակ եղած գաղջ մթնոլորտը տեղափոխվել է Ֆեյսբուք. «Ֆեյսբուքը մի սարսափելի բան է դարձել վերջին շրջանում, նույնիսկ  ֆեյսբուքյան իրականությունն է ապատեղեկատվություն։ Մարդը, որն ամբողջ օրը Ֆեյսբուքում է, կամ ինչ–որ կերպ կապված է, կյանքն իր կողքով անցնում է եւ իրեն թվում է, թե կյանքն այն է, ինչ այդտեղ կա այդտեղ՝ այդ նենգատիվը, հայհոյանքները, ամեն մեկի մի բառից կամ տառից կառչելը, նենգափոխելը։ Քանի որ այն գաղջ մթնոլորտը երկրում չկա, բայց ինչ–որ մի տեղ պետք է լինի, տեղափոխվել է Ֆեյսբուք»։

Գրառման շուրջ, նրա խոսքով, վաղուց արդեն քննարկումներ չեն. «Դրանք վաղուց արդեն քննարկումներ չեն, ուղղակի հայհոյանքներ ու զրպարտություններ, իմաստ չունի դրանց հետեւելը։ Պիտի թույլ տաս մարդիկ իրենց էությունը ցույց տան եւ իրենք իրենց ճանաչեն»։

Լուսինե Բադալյանը նշեց, որ մոտ ապագայում ֆեյսբուքյան տիրույթ վերադառնալու նպատակ չունի։ «Որովհետեւ այնքան գործ կա անելու, ինձ օգուտ չի, եթե իմանամ ինձ օգուտ կտա, որ օրինակ ես նայեմ, տեսնեմ Ֆեյսբուքում մարդկանց ինչ է հետաքրքրում, այդ հացերով զբաղվեմ, բայց չի տալիս այդ օգտակարությունը, շատ ավելի լավ է դուրս գալ եւ ժողովրդի հետ շփվելով հարցնել, ավելի օբյեկտիվ կլինեն»,–եզրափակեց նա։

Հիշեցնենք, օրեր առաջ Լուսինե Բադալյանը գրառում էր կատարել ֆեյսբուքում, որտեղ նշել էր մի քանի լրատվամիջոցի անուն եւ իր գործընկերներին ուղորդել, որ այսուհետ հետեւեն եւ հարցազրույց տան միայն այդ ԶԼՄ-ներին:

Տպել
Ամենաշատ