Այնքան էլ անսպասելի չէր Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու առաջին ատյանի դատարանի որոշումը, հաշվի առնելով այն ճնշումները, որոնք գոյություն ունեն դատարանների նկատմամբ, հատկապես կապված Ռոբերտ Քոչարյանի գործի հետ: Այս մասին այսօր՝ մարտի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:
«Պարզապես մի փոքր ավելի շատ սպասելիքներ ունեինք՝ հաշվի առնելով, որ քրեական գործի բոլոր նյութերը մեր ձեռքի տակ էին եւ արդեն այն, ինչ մինչեւ այդ ենթադրությունների մակարդակով կարելի է ասել, արդեն կարելի է հստակ ասել»,-ասաց նա՝ հավելելով, որ այն ամենը, ինչ ներկայացված է գործում, ջուր է:
«Պարոն վարչապետն ասաց, որ նախաքննության նախնական փուլերում դատավորներից մեկն ինչ-որ խողովակով դիմել էր իրեն եւ ասել՝ գործը ջուր է: Այս պատկերավոր արտահայությունը հիմա ավելի քան տեղին է օգտագործել: Դա գնալով ավելի ակնհայտ է դառնում բոլոր նրանց համար, որոնք այս գործի հետ առնչվում են»,-ասաց Ալումյանը:
Նա նկատեց, որ դատավորները չեն ցանկանում գործ ունենալ Քոչարյանի կալանավորման գործի հետ, որովհետեւ ստիպված են լինելու կամ կալանավորման անարդար դատական ակտ կայացնել, կամ ազատ արձակել Քոչարյանին եւ դառնալ վարչապետի եւ գործող իշխանության թիրախ:
«Այդքանով հանդերձ, նույնիսկ այդ ահռելի ճնշման պայմաններում, դատավոր Բեկթաշյանը, որը երկու ամսով երկարացրեց պարոն Քոչարյանի կալանքի ժամկետը, նույնիսկ ինքը ստիպված եղավ արձանագրելու, որ կաշառքի դրվագով անգամ նվազագույն կասկածի շեմը հաղթահարող դրվագ բացակայում է»,-ասաց Ալումյանը:
Նա ընդգծեց, որ իերնց վերլուծությամբ, կաշառքի դրվագը Ռոբերտ Քոչարյանի կալանքի գործում հայտնվել է մի նպատակով, որովհետեւ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի մեղադրանքի առումով Քոչարյանն ակնհայտորեն անձեռնմխելի է, որովհետեւ այն, ինչ վերագրվում են նրան այդ հոդվածով, այդ գործողությունները բխում են նրա պաշտոնական պարտականություններից:
«Որպեսզի նրա անձեռնմխելիության հարցը փակվի, անհրաժեշտ էր մեղսագրել մի հանցագործություն, որը նրա պաշտոնական գործունեության հետ կապ չունի: Դրա համար ծնվեց այդ ակնհայտ անհիմն երկրորդ մեղադրանքը կապված կաշառքի հետ»: