News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 17
USD
478.4
EUR
539.06
RUB
7.43
ME-USD
0.15
Տեսնել լրահոսը

Յուրաքանչյուրիս կյանքում լինում են իրավիճակներ, երբ մեր ներսում միաժամանակ ի հայտ են գալիս երկու ԵՍ եւ պայքարում միմյանց դեմ. որքան բարդ է իրավիճակը, որպես կանոն դաժան է լինում նաեւ պայքարը, հետեւաբար նաեւ դժվարանում է ճշմարիտ որոշումներ կայացնելը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Մեր երկրի թիվ մեկ պաշտոնյայի ելույթներից, գործողություններից ակնհայտորեն երեւում է, որ դեռեւս շարունակվում է անողոք պայքարը երկու կերպարների՝ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, լրագրող Նիկոլ Փաշինյանի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ: Առայժմ ոչ ոքի է, եւ դատելով վերջին երկրարաշունչ ու ոչինչ չասող ասուլիսից, պարզ չէ, թե ում հաղթանակի շանսերն են ավելի մեծ՝ պատգամավորի թե՞ վարչապետի:

Եթե արդյունքում վարչապետ Փաշինյանի նկատմամբ հաղթանակ տանի պատգամավոր Փաշինյանը՝ ապա մեղմ ասած լավ չեն լինելու գործող կառավարության ու իշխող «Իմ քայլը» դաշինքի գործերը: Եթե ի վերջո վարչապետ Փաշինյանը կարողանա հաղթել պատգամավոր Փաշինյանին՝ ապա դրանից հնարավոր է, որ շահի նաեւ երկիրը:

Սարսափելին այն է, երբ պայքարն ավարտվի ոչ ոքի: Դա հղի է պետության առջեւ նոր մարտահրավերներով ու սպառնալիքներով՝ առանց իրական լուծումների: Արդյունքում տնտեսությունը կհայտնվի փոսում, սոցիալական խնդիրները՝ օդում կախված, Արցախյան հարցը՝ սրի ծայրին, ներքին ու արտաքին անվտանգությունը՝ Աստծո հույսին: Իսկ ժողովրդավարության, կամ հասարակության բարոյահոգեբանական վիճակի մասին խոսելն արդեն ավելորդ են:

Փաշինյանը կարողացել է աղավաղել հասարակության բարոյահոգեբանական վիճակն այնքան, որ այն արդեն սկսել է իր դեմ աշխատել: Ընդդիմադիր Փաշինյանին ձեռնտու էր հասարակության մի հատվածին մյուսի դեմ լարելը, թշնամանք ու ատելություն սերմանելը: Իսկ վարչապետ Փաշինյանին հակառակը՝ կոնսոլիդացիա է անհրաժեշտ:

Հիմա նա լավ հասկանում է, որ եթե ամբողջովին դրսեւորի իրեն որպես վարչապետ Փաշինյան, ապա շատ հարցերում տարբերվելու եւ հակասելու է պատգամավոր Փաշինյանին:

Նման իրավիճակներում արդեն հայտնվել է, օրինակ՝ ԵՏՄ անդամության հարցում, կուտակային կենսաթոշակների հարցում, արագաչափերի հարցում, արտաքին քաղաքականության մեջ, վերջերս նաեւ Արցախյան հարցում, արտաքին վարկեր վերցնելու հարցերում եւ այդպես շարունակ:

Անձի երկվության այս դիլեման ցավոք երկարաձգվում, ու նոր սպառնալիքներ է ծնում: Այդ պրոբլեմները առայժմ հնարավոր է լինում ծխածածկույթով անտեսանելի դարձնել, մարդկանց մոտ հույսեր ու ակնկալիքներ ձեւավորել, բայց դա երկար ձգել չի լինի: Մարդիկ մտածել գիտեն, վերլուծել գիտեն ու շատ լավ հասկանում են, թե ինչի համար են մեկ տարի առաջ դուրս եկել փողոց: Մեկ տարին շուտով կլրանա, իսկ միջին վիճակագրական քաղաքացու կյանքում դեռ ոչ մի ՝դրական փոփոխություն չի եղել:

Գործող վարչապետ եւ նախկին պատգամավոր Փաշինյանների միջեւ պայքարը որքան շուտ ավարտվի, այնքան պարզ կլինի, թե իրականում ի՞նչ ակնկալել իշխանություններից: Իսկ առայժմ միայն պրոբլեմներ ենք կուտակում:

Ես հույս ունեմ, որ մի օր Նիկոլը կհայտարարի, որ պատգամավոր Փաշինյանը սխալ էր, վարչապետ Փաշինյանը՝ հույս ունենանք կլինի ճիշտ: Իսկ եթե պատգամավոր Փաշինյանը այնուամենայնիվ սխալ էր, ապա կհետեւի, որ նախկին իշխանություններին մեղադրելու շատ քիչ բան է մնում՝ գուցե միայն հակակոռուպցիոն հարցերում»:

Տպել