News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կրեմլում ԱՄՆ-ի ընտրություններին ՌԴ-ի միջամտության հետաքննությունը համեմատել են մութ սենյակում գոյություն չունեցող սեւ կատվի որոնման հետ: Այսպես է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել հետաքննության արդյունքները, որն ացնցկացրել է հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«ԱՄՆ ընրական գործընթացներին միջամտելու մեղադրանքները, որոնք դեռեւս հնչում են ՌԴ հասցեին, մենք, ինչպես նախկինում, անհիմն ենք համարում, քանի որ Մյուլերի զեկույցի հատվածից նշված կարճ տեղեկությունը ոչ մի հիմնավորում չունի», -նշել է նա:

Պեսկովն այս կապակցությամբ հիշել է Կոնֆուցիոսի խոսքերը՝ «Դժվար է մութ սենյակում գտնել սեւ կատվին, հատկապես եթե նա այնտեղ չկա»:

«Ցավոք, դարեր են անցնում, բայց օվկիանոսից այն կողմ դա դեռեւս չեն հասկանում», -ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

Նրա խոսքով Մյուլերի զեկույցի հրապարակված հատվածը ոչ մի նոր բան չի պարունակում ամերիկյան ընտրությունների ՌԴ միջամտության մասին մեղադրանքների հիմնավորման տեսանկյունից, «բացի ինչ-որ պայմանավորավածության (Մոսկվայի եւ Թրամփի նախընտրական շտաբի) բացակայության ճանաչումից»: Պեսկովը նկատել է, որ մանրամասն չի կարող մեկնաբանել զեկույցը, քանի որ Կրեմլը փաստաթուղթն ամբողջությամբ չի տեսել:

Պեսկովի խոսքով՝ այս հետաքննության եւ մեղադրանքների վերաբերյալ Մոսկվայի սկզբունքային դիրքորոշումը չի փոխվել:

«Մեր երկիրը չի միջամտել այլ երկրների ներքին գործերին, այդ թվում ԱՄՆ-ի, ներառյալ ընտրական գործընթացներին, չի միջամտում եւ նպատակ չունի միջամտելու, ինչպես նաեւ կտրականապես դեմ է մեր երկրի գործերին այլ պետությունների միջամտությանը», - ասել է Պեսկովը:

Մարտի 24-ին ԱՄՆ արդարադատության դեպարտամենտը, որը միաժամանակ կատարում է գլխավոր դատախազության գործառույթները, ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի հետաքննության արդյունքների վերաբերյալ զեկույց էր ներկայացրել: Փաստաթղթում, մասնավորապես, նշվում է, որ Մոսկվայի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընտրական շտաբի միջեւ պայմանավորվածություն չի եղել: Միեւնույն ժամանակ, զեկույցում կա պնդում, որ  Ռուսաստանը փորձել է ընտրությունների վրա ազդել «Ինտերնետային հետազոտությունների գործակալության» եւ հաքերային հարձակումների միջոցով:

Թրամփը եւ նրա օգնականները բազմիցս մերժել են նախընտրական քարոզչության ընթացքում ՌԴ պաշտոնական անձանց հետ որեւէ անօրինական շփումների մասին կասկածները: Մոսկվան նույնպես բազմիցս հերքել է ԱՄՆ-ում ընտրությունների ընթացքի վրա ազդելու փորձերի մասին մեղադրանքները:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել