Վրաստանը ՆԱՏՕ-ի թանկագին եւ հարգելի ընկերն է, ինչպես նաեւ՝ դաշինքի «յուրօրինակ գործընկերը»։ Այս մասին Թբիլիսիում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը՝ հայտնում է «Գրուզիա-օնլայնը»։
«Վրաստանը ՆԱՏՕ-ի յուրօրինակ գործընկերն է, եւ մենք ողջունում ենք առաջընթացը, որ դուք իրականացնում եք բարեփոխումների հետ կապված։ Վրաստանը իրականացնում է այդ քայլերը, իսկ ՆԱՏՕ-ն կրկնում է, որ ՆԱՏՕ-ի դռները Վրաստանի համար մշտապես բաց են՝ գործընկերության եւ անդամակցության համար»,- հայտարարել է Սթոլթենբերգը։
«Վրաստանը գնում է դեպի անդամակցություն, մենք նույնպես ճանաչում ենք Վրաստանի տարածքային ամբողջականությունը, երկրի ինքնավարությունը, հանդես ենք գալիս Հարավային Օսիայի եւ Աբխազիայի տարածքների անկախության դեմ։ Ինձ միշտ հաճելի է գտնվել Թբիլիսիում, Վրաստանը գեղեցկագույն երկիր է»,- ասել է Սթոլթենբերգը։