News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Արարատի մարզի Ավշար գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Հերմինե Անդրեասյանի հետ մարտի 22-ին ուսուցիչները հանդիպել են, որի ընթացքում տնօրենը հրաժարականի վերաբերյալ դրական է արձագանքել: Այս մասին այսօր՝ մարտի 25-ին, NEWS.am-ի հետ զրույցում տեղեկացրեց փոխտնօրեն Ռեգինա Սիմոնյանը:

«Նա մեզ խոստովանեց, որ դիմումն արդեն գրել է: Մենք չգիտենք էլ ո՞րն է խնդիրը, որ նա չի հեռանում: Կան լուրեր այն մասին, թե մարզպետը չի մակագրում հրաժարականի դիմումը: Հանդիպման ժամանակ, նա ասաց, որ ընդունում է համատեղ աշխատելն անհնար է: Մարզպետն ասում է՝ դիմում չկա, տնօրենն էլ ասում է՝ ես գրել եմ դիմումը: Մենք սպասելու ենք գոնե այս շաբաթ հարցը լուծվի, և աշակերտները վերադառնան իրենց դասերին»,- ասաց Ռեգինա Սիմոնյանը:

Սիմոնյանը տեղեկացրեց, որ այսօր առավոտյան հանդիպում են ունեցել «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ. «Նա եկավ դպրոց, լսեց մեր բողոքը: Մենք դիմել ենք իրեն, որ այս հարցով նա զբաղվի: Մեր աշակերտները այսքան հետ են մնացել դասերից, բայց միայն մենք չէ, որ պետք է մտածենք դրա մասին, այլ մարզպետն ու կրթության նախարարը: Մենք պատրաստ ենք տնօրենի հրաժարականի դեպքում մեր աշակերտների բաց թողած դասերը լրացնել, թեկուզ՝ շաբաթ կիրակի օրերին»,- ասաց նա:

Մարզպետարանի կրթության բաժնի պետ Ալբերտ Մկրտչյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ դպրոցի տնօրենի հրաժարականի դիմում առայժմ չկա մարզպետարանում, իսկ այն գրե՞լ է տնօրենը, թե՞ ոչ, տեղյակ չեն:

«Գուցե լինի, բայց հիմա նման լուր չունենք: Բոլորս անհանգստացած ենք, հիմա գարնանային արձակուրդներ են, գոնե այս ընթացքում կարողանանք հարթել այս խնդիրը: Մենք այլ տարբերակներ էլ ենք մշակում: Մարզպետարանը առանց իրավական հիմքերի իրավունք չունի տնօրենին աշխատանքից ազատել: Մենք առաջարկել ենք իրեն, սակայն ստիպել չենք կարող, դա ի վերջո իր որոշումն է: Մինչև ուսումնական տարվա ավարտը աշակերտները այս բաց թողած դասերը կլրացնեն, օրինակ՝ շաբաթ օրերին»,- ասաց Ալբերտ Մկրտչյանը:

Հիշեցնենք, որ ավելի քան մեկ շաբաթ Ավշար գյուղի միջնակարգ դպրոցի դասապրոցեսը խաթարված է։ Գրեթե 500 աշակերտ դասադուլ է անում տնօրեն Հերմինե Անդրեասյանի հրաժարականի պահանջը՝  նրան մեղադրելով կադրային խտրականության, և ինչպես ուսուցիչներն են նշում՝ անհարգալից վերաբերմունքի համար։

Տպել
Ամենաշատ