News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Հանրային ծառայության մասին» օրենքի փոփոխության նախագծով առաջարկում եմ լուծել մի խնդիր, որը նաեւ անձնական փորձի վրա է հիմնված։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը՝ խոսելով իր կողմից առաջարկվող օրենսդրական փոփոխության մասին, որով խորհրդականի պաշտոնում կարող են նշանակվել 25 տարին լրացած անձինք։

Վաղարշակ Հակոբյանը ժամանակին նշանակվել էր սփյուռքի նախարարի խորհրդական, սակայն պարզվել էր, որ նշանակումը տեղի է ունեցել օրենքի խախտմամբ, քանի որ 30 տարին չլրացած քաղաքացին չի կարող զբաղեցնել խորհրդականի պաշտոնը։ 

«Ես ինքս անցել եմ դրա միջով, բախվել եմ այդ խնդրին։ Եթե մարդը, օրինակ, 27 տարեկան է, իր փորձառությամբ քիչ է զիջում 30 տարեկանի կենսափորձին, չնայած ունի ոլորտային բացառիկ ունակություններ կամ մասնագիտական ճկուն կարողություններ, չի կարողանում զբաղեցնել խորհրդականի պաշտոնը միայն նրա համար, որ 30 տարեկանը լրացած չի։ Ես կարծում եմ, որ սա բաց է եւ այս օրենսդրական նախաձեռնության արդյունքում հնարավորություն ենք տալիս երիտասարդներին, որոնց 30 տարեկանը լրացած չի, տարբեր գերատեսչություններում եւ կոմիտեներում զբաղեցնել խորհրդականի պաշտոն»,–նշեց պատգամավորը։

Նա պնդում է՝ օրենքում խորհրդականի համար տարիքային սահմանը 25 տարեկանը սահմանելը խնդիրներ չի առաջացնի եւ կողմնակալություն չկա, քանի որ խորհրդականի պաշտոնի համար սահմանվող պահանջը ոչ միայն տարիքն է, այլ նաեւ մասնագիտական ստաժը, աշխատանքային փորձը. «Այսինքն՝ իմ առաջարկած նախագծում պահպանվել է աշխատանքային փորձառության ստաժը, եւ ավելի կողմնակալ է այն մոտեցումը, համաձայն որի՝ եթե մարդը ունի մասնագիտական բացառիկ կարողություններ, սակայն տարիքի պատճառով չի կարողանում զբաղեցնել այդ պաշտոնը»։

Վաշարշակ Հակոբյանը պատասխանելով դիտարկմանը, թե եթե մեկ այլ պատգամավոր էլ կարող է այլ անձնական փորձառություն ունենալ, պետք է անպայման օրենքի նախագիծ առաջարկի՞, նա նշեց, որ միայն անձնական փորձառությամբ չպետք է առաջնորդվել, այլ նաեւ տրամաբանության շրջանակներում գործել։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը նախաձեռնել է փոփոխություն «Հանրային ծառայության մասին» օրենքում, համաձայն որի՝ եթե գործող օրենսդրությամբ պետական պաշտոնյայի խորհրդական նշանակվում է 30 տարին լրացած քաղաքացին, ապա փոփոխություններով այդ պաշտոնին կարող են հավակնել 25 տարեկանից սկսած:

Տպել
Ամենաշատ