News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Հայաստանում 18 հազար քաղաքացու թոշակը կբարձրանա մինչեւ 25500 դրամ։ Այս մասին մարտի 26-ին Հայաստանի Ազգային ժողովի նիստում, «Պետական թոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ մտցնելու վերաբերյալ օրինագծի քննարկման ժամանակ, ասել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաղիյանը։

Նրա խոսքով՝ այժմ ծերության թոշակը (ստանում են այն անձինք, ովքեր աշխատանքային ստաժ չունեն) կազմում է 16 հազար դրամ, բայց 2019 թվականի հունվարի 1-ից այն հետին թվով կկազմի 25500 դրամ։

Ինչպես պարզաբանել է փոխնախարարը, ծերության թոշակ ստանում են այն մարդիկ, որոնց 65 տարին լրացել է, բայց որոնք նվազագույն աշխատանքային ստաժ չունեն աշխատանքային թոշակ ստանալու համար, ինչպես նաեւ առաջին խմբի հաշմանդամները, որոնք չունեն նվազագույն աշխատանքային ստաժ։ «Կառավարության որոշումը վերաբերում է նաեւ աշխատանքային ստաժ ունեցող քաղաքացիներին, բայց որոնց թոշակը ցածր է ամսական 25500 դրամից։ Այդ մարդկանց թոշակը նույնպես կբարձրանա հունվարի 1-ից եւ կկազմի 25500 դրամ»,- հավելել է Սաղիյանը։

Այնինչ, նրա խոսքով՝ աշխատանքային թոշակները, որոնք ստանում է աշխատող բնակչությունը, չեն բարձրացվի։ «Այս նախաձեռնության գլխավոր նպատակը հանրապետությունում պայքարն է ծայրահեղ աղքատության դեմ։ Այդ գումարը կհամապատասխանի նաեւ նվազագույն պարենային զամբյուղին»,- նշել է փոխնախարարը։

Բացի այդ, պաշտոնյան նաեւ նշել է, որ մինչեւ հիմա որոշ անարդարություն կար հաշմանդամության տարբեր խմբերի անձանց հարցում. նրանք բոլորը ստացել են միանման նպաստներ, իսկ միակ տարբերությունը անվճար տրամադրվող դեղերի  քանակն ու տեսականին է եղել։

Փոխնախարարն ընդգծել է, որ նոր օրինագծով առաջարկվում է 40 տոկոսով բարձրացնել առաջին խմբի հաշմանդամների նպաստները, եւ 20 տոկոսով՝ երկրորդ խմբի հաշմանդամներինը։ «Այսպիսով, առաջին խմբի հաշմանդամների գումարը կբարձրանա 6400, երկրորդ խմբի հաշմանդամներինը՝ 3200 դրամով»։ Այս բոլոր նպատակների համար, ինչպես տեղեկացրել է Սմբատ Սաղիյանը, պետբյուջեից կտրամադրվի մոտ 110 մլն դրամ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ