News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Արարատի մարզի Ավշար գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Հերմինե Անդրեասյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել: Հերմինե Անդրեասյանի՝ պաշտոնից ազատման որոշման պարզաբանման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Հարգելի պարոն Սարգսյան, խնդրում եմ այս դիմումի համաձայն ազատել ինձ Ավշարի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնից եւ ստորեւ ներկայացնում եմ այդ որոշման պարզաբանումը։

Ես՝ Հերմինե Անդրեասյանս, մարտի 1-ին ընտրվել եմ Ավշարի միջնակարգ դպրոցի տնօրեն` 7 կողմ եւ 1 ձեռնպահ ձայնով: Օրենքին համապատասխան անցկացված մրցույթում հաղթել եմ ձայների մեծամասնությամբ: Երկու շաբաթվա ընթացքում, չնայած վերապրածիս, ամենից շատ ինձ մտահոգեց եւ շարունակում է մտահոգել դպրոցահասակ երեխաների կրթություն ստանալու իրավունքի ոտնահարման հանգամանքը։

Մենք` մանկավարժներս, պարտավոր ենք ապահովել հավասար պայմաններ այդ իրավունքի իրականացման համար: Դա է մեր կոչումը եւ սրբազան պարտականությունը: Ես, որպես մանկավարժ, ՀՀ քաղաքացի եւ ծնող` նաեւ այն երեխայի, ում կրում եմ կրծքիս տակ եւ ով լույս աշխարհ կգա, ցանկանում եմ, որպեսզի մեր երեխաները, մասնավորապես Ավշարի միջնակարգ դպրոցի երեխաները, կրթություն ստանան, եւ ամենակարեւորը` այն ստանան առողջ կրթական միջավայրում, որտեղ մեծերի մասնավոր շահերը կստորադասվեն եւ խոչընդոտ չեն հանդիսանա երեխաների որակյալ կրթության ապահովմանը:

Ներողություն եմ խնդրում բոլոր այն մարդկանցից, ովքեր այս քայլս որպես թուլություն կորակեն, քանի որ ընտրված լինելով որպես օրինական տնօրեն եւ չոտնահարելով Ավշարի միջնակարգ դպրոցում դասավանդող որեւէ ուսուցչի եւ սովորող որեւէ աշակերտի իրավունք, հրաժարական եմ տալիս, սակայն հույս ունեմ, որ որպես ներկա կամ ապագա ծնողներ ձեզանից յուրաքանչյուրը կհասկանա իմ որոշումը․ինձ համար իմ ապագա երեխայի առողջությունը շատ կարեւոր է, իսկ ձեւավորված ատելության մթնոլորտի պայմաններում իմ հետագա պաշտոնավարումը կարող է վտանգավոր լինել նրա առողջության համար։ 

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, որոնք այս ընթացքում եղել են իմ կողքին»։

Հիշեցնենք, որ մեկ շաբաթից ավել է Ավշար գյուղի միջնակարգ դպրոցի դասապրոցեսը խաթարված էր։ Ուսուցիչներն ու ծնողները մի քանի անգամ դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին բաց նամակով։ Գրեթե 500 աշակերտ դասադուլ էր անում, պահանջելով՝ տնօրեն Հերմինե Անդրեասյանի հրաժարականը՝ նրան մեղադրելով կադրային խտրականության, և, ինչպես ուսուցիչներն են նշում՝ անհարգալից վերաբերմունքի համար։

Տպել
Ամենաշատ