News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր՝ մարտի 26-ին, մասնակցել է «Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագրի ամփոփմանը:

Նախարարը նշել է, որ ծրագրի մասին իր գիտելիքները միայն տեսական չեն. ժամանակին դրա շրջանակում եղել է դասախոս բանակում: «Դասախոսությունների ընթացքում գրանցել ենք լուրջ արդյունք, եւ զգացել եմ, որ  սպաները, զինծառայողները մարդու բնական իրավունքների ընկալման մարդկային բնատուր ունակություն ունեն»,- ասել է Արտակ Զեյնալյանը:

Անդրադառնալով ծրագրի նպատակներին՝ նախարարը նշել է, որ թեեւ դրանց իրականացման ճանապարհին մարտահրավերները շատ են եղել, սակայն համատեղ ջանքերի գործադրմամբ դրանք հաղթահարվել են: Այդուհանդերձ, Արտակ Զեյնալյանի գնահատմամբ, այս ոլորտում անելիքները շատ են, եւ ցանկալի արդյունքների հասնելու համար դեռ ճանապարհ կա անցնելու: 

Խոսելով Արդարադատության նախարարության կողմից, այդ թվում` զինված ուժերում, վատ վերաբերմունքի կանխման, հայտնաբերման, հաղորդման եւ քննության արդյունավետության բարձրացմանն ուղղված քաղաքականությունից`  նախարարը փաստել է, որ 2015 թվականից իրականացվել են լայնածավալ օրենսդրական բարեփոխումներ, որոնք պայմանավորված են եղել ՄԱԿ-ի 1984 թվականի կոնվենցիայի  հետ համապատասխանությունն ապահովելու կարեւորությամբ, ինչպես նաեւ` ՄԻԵԴ վճիռների կատարման պահանջով:

Վերջինիս առումով նախարար Զեյնալյանը նշել է, որ դրանից եւս անմասն չի եղել. իրավապաշտպանի գործություն իրականացնելու ընթացքում այդ գործերով ՄԻԵԴ-ում եղել է ներկայացուցիչ, հետո նաեւ՝ օրենսդրական նախաձեռնությունների, նախագծերի համահեղինակ:

Թվարկելով օրենսդրական փոփոխությունների ընթացքում իրականացված բարեփոխումները, Արտակ Զեյնալյանը կարեւորել է  ձերբակալված կամ կալանավորված անձին պաշտպանի եւ պաշտպանությունը ստանձնելու նպատակով փաստաբանի հետ տեսակցության հնարավորության ընձեռումը նաեւ ո՛չ աշխատանքային օրերին կամ ժամերին եւ խոշտանգումների զոհերին խոշտանգման հետեւանքով պատճառված վնասի արդար եւ համաչափ փոխհատուցման, այդ թվում՝ ռեաբիլիտացիայի ինստիտուտի նախատեսումը:

Այս առումով նախարարն ընդգծել է, որ Սահմանադրական դատարանը քաղաքացիական օրենսգրքի մի շարք դրույթները, որոնցով նախատեսված չէր բարոյական վնասի փոխհատուցում, ճանաչել է հակասահմանադրական եւ անվավեր: «Այդ ռազմավարական դատավարությունը ես սկսել էի 2003 թվականին եւ միայն այս տարվա հունվարին հնարավոր եղավ իրականություն դարձնել բարոյական վնասի ստացումը վստահորդի կողմից»,- նշել է Արտակ Զեյնալյանը՝ մյուս կարեւոր փոփոխությունները համարելով դատավարական հստակ երաշխիքների նախատեսումը փաստացի ազատությունից զրկված անձանց համար, խոշտանգման համար դատապարտված անձին ներում չշնորհելու կարգավորումը եւ այլն: Դրանք դրական են գնահատվել ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտեի կողմից, ողջունվել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի կողմից՝ «Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի» եւ «Աշոտ Հարությունյանն ընդդեմ Հայաստանի» խմբի գործերի կատարման ընթացքը գնահատելիս:

Նախարարը տեղեկացրել է նաեւ, որ մեկնարկել են ՄԻՊ ազգային ռազմավարության եւ դրանից բխող նոր՝ 2020-2022թթ. միջոցառումների ծրագրի մշակման աշխատանքները: Ծրագիրը ներդաշնակեցվելու է ԵԽ-ի կողմից Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2019-2022թթ ծրագրի առաջնահերթությունների հետ: «Այս գործընթացն առավել ներառական դարձնելու նպատակով սերտ համագործակցում ենք բոլոր շահագրգիռ պետական մարմինների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ»,- նշել է Արտակ Զեյնալյանը:

Նախարարը, շնորհակալություն հայտնելով Միացյալ Թագավորության կառավարությանը՝ ծրագրի ֆինանսավորման եւ Եվրոպայի խորհրդի երեւանյան գրասենյակին՝ ծրագրի պատշաճ իրականացման համար, հույս է հայտնել, որ ԵԽ-ն կշարունակի հետեւողական աջակցել ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդմանը: 

Միջոցառմանը մասնակցել են նաեւ ԵԽ Մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության գլխավոր տնօրինության Մարդու իրավունքների ղեկավար Քրիստոֆ Պուարելը, ԵԽ երեւանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը, Հայաստանի մարու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, այլք: 

Տպել
Ամենաշատ