News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱԺ-ում դիպլոմային եւ կուրսային աշխատանքների վաճառքի գովազդն արգելող օրինագծի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը նշեց, որ իր համար այնուամենայնիվ երկու խնդիր անհասկանալի է մնում։

«Օրենքի նախագծում նշվում է արգելել գովազդի այն տեսակները, որոնք գտնվում են իրավասու մարմինների վերահսկողության տակ, բայց պետք է հասկանալ, որ այս գործունեությունը կարող է օգտագործել գովազդային այլ միջոցներ եւս, որոնք անտեսանելի են: Ինչպե՞ս է վերահսկվելու  գործընթացը, քանի որ հնարավոր է, օրինակ, թռուցիկներ բաժանվեն: Կամ կազմակերպությունների գործունեությունն արգելեցինք, անհատներին ինչպե՞ս ենք վերահսկելու»,- հարցրեց նա:

Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ սա ամբողջ աշխարհում է խնդիր:

«Ես հակված չեմ մտածել, որ այս հարցը մեկ կամ երկու օրինագծով ընդհանրապես վերանալու է: Աշխարհի զարգացած համալսարաններում պլագիատի դեպքեր եւս հայտնաբերվում են, բայց այնտեղ խիստ են պատիժները, պլագիատի հայտնաբերման դեպքում ուսանողը միանգամից հեռացվում է բուհից։ Ընդհանրապես հակված չեմ կարծելու, որ հնարավոր է հարցը մեկընդմիշտ լուծել եւ նշեց, որ խնդիրը բուհերի դաշտում է»,- ասաց Հովհաննիսյանը։

Սամսոնյանն արձագանքեց, որ շան գլուխը թաղված է հենց բուհերի դաշտում:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ հարցրեց, թե համացանցում ինչպե՞ս են պայքարելու, որպեսզի գումարով կուրսային եւ դիպլոմային աշխատանքներ գրողները գովազդներ չտարածեն։

«Համացանցի դեպքում պայքարը հողմաղացների դեմ պայքար է, եւ այսօր դեռեւս չի գտնվել այն մեթոդը, որով հնարավոր կլինի պայքարել։ Բուհերը պետք է մտածեն իրենց մրցակցային առավելությունները բարձրացնելու մասին, եւ նորից եմ շեշտում, որ մեկ էջանոց վերլուծական աշխատանքն ավելին արժե, քան 30 էջանոց արտագրությունը, այս առումով բուհերը մեծապես պետք է շեշտադրումը կատարեն քննական մտածողության զարգացման վրա, որպեսզի մենք ունենանք քննադատական միտք ունեցող ուսանողություն»,- ասաց  Հովհաննիսյանը։

Տպել
Ամենաշատ