News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 10 հասցեի 4–րդ կարգի վթարային շենքում ապրող Բաքվի փախստականները այսօր՝ մարտի 26-ին Կառավարության դիմաց իրականացնում էին բողոքի ակցիա՝ պահանջելով, որ Երևանի քաղաքապետարանը իրենց տրամադրի նոր բնակարաններ:

Նրանք վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված իրենց բողոք–դիմումը հանձնեցին ընդունարան:

«Չորրորդ հարկից ջուրը չռռում ա մինչև առաջին հարկ: Անտանելի գարշահոտություն է տիրում ամբողջ շենքում»,– NEWS.am-ի հետ զրույցում ասաց 70–ամյա Նինա Հովհաննիսյանը։

Բնակիչների խոսքով՝ քաղաքապետարանը իրենց շենքից տարհանման շրջանակում բնակարաններ է առաջարկում միայն անչափահաս երեխաներ և հաշմանդամություն ունեցողներին։ Մյուսներին պատրաստ է վճարել այլ շենքում բնակվելու վարձը։ Բնակիչները, սակայն, դժգոհ են այս առաջարկից, պահանջում են, որ բոլորին տրամադրեն բնակարաններ։

«Ինձ ասում են՝ գնամ, վարձով մնամ, ես էլ չեմ ուզում գնամ վարձով ապրեմ: Դիմել եմ դատարան, անընդհատ ձգձգում են։ Քիչ ա, որ տունս սեփականաշնորհել են, մի հատ էլ հիմա ուղարկում են վարձով։ Գնացել եմ կադաստր, տեսնում եմ, որ տունս ուրիշի վրա սեփականաշնորհվել է: Ես էլ չեմ ուզում, թող ինձ տուն տան, ես ինքս կհոգամ իմ խնդիրները»,- ասաց շենքի բնակիչներից մեկը:

Երևանի քաղաքապետարանը բնակիչներին ուղարկել է ծանուցում՝ տեղափոխվելու պահանջով։

«Ծանուցման մեջ կա այն, որ եթե համաձայնագիրը չստորագրենք և եթե շենքը փլվի, ապա մեր համար իրենք պատասխանատվություն չեն կրելու և Սիսակյան 3 հասցեում վարձով տուն էլ չեն ստանա»,- պատմեցին բնակիչները, և ավելացրին, որ քաղաքապետարանն արդեն որոշել է, թե ում է տուն տալու, ում՝ ոչ:

«Մեզ ասացին, նենց մի՛ արեք, գանք միլիցիայով զոռով հանենք էդ շենքից: Մենք էլ որոշել ենք քոչել ուրիշ երկիր»,- ասաց Մարինա Հակոբովնան:

Երևանի քաղքապետարանի պաշտոնական կայքէջից տեղեկացանք, որ վերաբնակեցումն առաջարկվում է իրականացնել երկու փուլով: Առկա բնակարանային ֆոնդից առաջին հերթին բնակարաններ կստանան մանկահասակ երեխա ունեցող ընտանիքներն ու հաշմանդամություն ունեցողները, հետո արդեն մյուս ընտանիքները՝ ըստ վիճակահանության: Ընտանիքների մի մասը, սակայն, ստիպված կլինի սպասել ծրագրի երկրորդ փուլին: Նախքան վերաբնակեցումը նրանք կտեղափոխվեն վարձակալած բնակարաններ, որոնց վարձավճարը կտրամադրի Երևանի քաղաքապետարանը: Բնակիչների հետ էլ կկնքվեն հատուկ պայմանագրեր, որտեղ հստակ կնշվի, թե երբ, որ շենքում և ինչպես կստանան իրենց բնակարանները: 2020 թվականին նախատեսվում է շահագործման հանձնել կառուցվող նոր շենք, որը հնարավորություն կտա ավարտել շենքի բնակիչների վերաբնակեցումը։

Տպել
Ամենաշատ