Եվրոպայի խորհուրդն աջակցում է Հայաստանում դեմոկրատական բարեփոխումներին։ Այս մասին Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ մարտի 27-ի ճեպազրույցում ասել է ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասկիեն։
Շնորհակալություն հայտնելով կողմերին հետաքրքրող հարցերի քննարկման հնարավորության համար՝ ԵԽԽՎ նախագահը նշեց, որ հանդիպման ընթացքում հաստատվել է ԵԽ պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանում դեմոկրատական բարեփոխումներին։ Նրա խոսքով՝ միեւնույն ժամանակ բարձրացվել են որոշակի հարցեր եւ խնդիրներ, որոնք կանգնած են Եվրոպայի առջեւ։ Դա այլատյացության աճի խնդիրն է, սեռերի հավասարության, նացիոնալիզմի եւ ռասիզմի դեմ պայքարի խնդիրները։ «Մենք բոլորս ընդհանուր ջանքերով պետք է պայքարենք, որպեսզի ապագան ավելի խաղաղ ու անվտանգ դարձնենք»,- նշել է Լիլիան Մորի Պասկիեն։
Ճեպազրույցից հետո ԵԽԽՎ նախագահը մասնակցել է ծառատունկի Հայաստանի ԱԺ շենքի այգում։