News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը


Վիեննայում Նիկոլ Փաշինյանի օրակարգը հայտնի է, մարտի 29-ին Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ տեղի կունենա Փաշինյանի հանդիպումը Ալիևի հետ: Հայաստանի վարչապետը կհանդիպի նաեւ Ավստրիայի կանցլերի եւ նախագահի հետ։

Ինչ է սպասվում Վիեննայում, դարձյալ մտքերի փոխանակում՝ առանց կոնկրետ օրակարգի, հայկական դիրքորոշումը մնալու է այն հայտարարությունների շրջանակում, որ հնչել են Ստեփանակերտում՝ անվտանգության խորհրդի համատեղ նիստում։ Այսօր խորհրդարանում պարզաբանեց Փաշինյանը։

Իսկ խորհրդարանում քննարկվում էր կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը։ Վարչապետը հայտարարեց, որ 2019-ի բյուջեի եկամտային մասը կգերակատարվի 40 մլրդ դրամով, այսինքն, մոտ 90 մլն դոլարով

ԲՀԿ-ի պատգամավոր Ուրիխանյանը հետաքրքրվեց արտաքին պարտքը սպասարկելու հետեւանքների մասին, քանի որ այս տարի 400 միլիոն դոլար ենք փակելու, հաջորդ տարի դրա կրկնակին։ Փաշինյանը նախ նկատեց պատգամավորի ձայնի թախծոտ ելևէջը։ Ուրիխանյանը հաստատեց՝ թախիծ կա, որովհետեւ բյուջեի կեսի չափ պարտք ունենք տալու։ Փաշինյանը չէր ուզում նեղացնել, այլ փորձում էր տրամադրություն փոխել, եւ առահասրակ կարծում է, որ պետք է հրաժարվել նախկին նվնվան հռետորիկայից:

Նախկիններին Փաշինյանը հիշեց նաեւ այլ առիթով։ Հանրապետական պատգամավորները ԵԽԽՎ-ում փորձում էին սեւացնել ոչ բռնի, թավշյա մեթոդները։ Բայց այդ լացը չօգնեց, ԵԽԽՎ համազեկուցողները, ըստ Փաշինյանի, Հայաստանի կառավարության նկատմամբ զրո պրետենզիա են ներկայացրել իրենց զեկույցում։

Նոր Հայաստանից դուրս մնացած ռեկտորների մասին եւս հարց հնչեց, ԲՀԿ խմբակցության պատգամավորն ակնկալում է, որ ռեկտորները գնահատվեն ոչ թե ուսանողի առաջ դուռ բացել-փակելով, այլ  մասնագիտական չափանիշով։ Փաշինյանը այնուամենայնիվ պնդեց առաջին չափանիշը։ Պատգամավորն էլ խնդրեց հավասար աչքով նայել բոլորին։

Հարց ու պատասխանի ժամանակ պարզվեց նաեւ, որ Փաշինյանը վարկառու է, ընդ որում՝ շնորհակալ վարկառու։ Որպեսզի ապառիկ գնումների շահավետությունը ցույց տա նա հիշեց իրենց տան լվացքի մեքենան, որ ամիսը իրեն մի քանի հազար դրամի նեղություն է տալիս։ Մի վարկառու էլ՝ վերեւում էր նստած՝ նախագահողի աթոռին․ բայց վարկային ոչ այնքան լավ հիշողություններով։

Մարտի 26-ին ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հրազենային վիրավորումից մահացել է 21-ամյա կրտսեր սերժանտ Արա Գեորգիի Առաքելյանը, իսկ կրտսեր սերժանտ Անդրանիկ Կոմիտասի Կոշկանյանը ստացել է հրազենային վնասվածք: Այս գործով ձերբակալվել է նրանց ծառայակիցը։

Մանվել Գրիոգրյանը, որ իր փաստաբաններին թույլ չէր տալիս ՄԻԵԴ դիմել, ասում էր՝ Հայաստանին դատի չեմ տա, ի վերջո համաձայնել է, բայց միայն ծանր հիվանդությունների մասով։ Այսօր լրագրողներին պատմել է նրա փաստաբան Լեւոն Բաղդասարյանը։ Եվրոպայից Հայաստանի կառավարությանը ժամանակ են տվել, որպեսզի մինչեւ ապրիլի 2–ը փաստարկներ ներկայացնի, թե ինչու են տասնյակ հիվանդություններով Գրիգորյանին պահում կալանքի տակ։ Ըստ փաստաբանի, պահում են, որպեսզի ցուցմունքներ կորզեն, ու հիմա չնայած գեներալը Նաիրի բժշկական կենտրոնում է, Բաղդասարյանի կարծիքով նորմալ բուժում չի ստանում։

Դոլարի փոխարժեքը շարունակում է աճել, այսօր կազմել է 486 դրամ, եվրոն 548 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 642, ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 51 դրամ:

Մարտի 28-ին Հայաստանում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ լեռներում եւ նախալեռներում՝ ձյուն, հովիտներում՝ անձրեւ: Առաջիկա 3 օրերին ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +2+4, վաղը ցերեկը՝ +10+12։

 

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ