Ադրբեջանի ուժային կառույցներում շարունակում է ծաղկել պաշտոնատար անձանց կոռուպցիան: Ըստ առկա տվյալների՝ Ադրբեջանի ուժային կառույցների անձնակազմի արձակման կամ արձակուրդի թույլտվությունը հնարավոր է կաշառքի միջոցով: Օրինակ՝ մեկ շաբաթ տեւողությամբ արձակուրդի համար զինծառայողը պետք է վճարի շուրջ 100 մանաթ (60 ԱՄՆ դոլար):

Գաղտնիք չէ, որ ադրբեջանական բանակում իրավիճակն իդեալական չէ: Դա ոչ միայն չի նպաստում երկրի զինված ուժերի զարգացմանը, այլ ավելին՝ թողնում է բացասական ազդեցություն: Ադրբեջանի զինված ուժերում հենց կոռուպցիան է հանգեցնում «դեդովշինային», դասալքությանն ու այլ ոչ կանոնադրային հարաբերությունների: Հաճախ այդ իրավախախտումներն ավարտվում են մահվան ելքով: Ադրբեջանի բանակում կան զարհուրելի խախտումներ, որոնք Պաշտպանության նախարարությունն ամեն կերպ փորձում է թաքցնել: Նախարարության պաշտոնյաները այդ կերպ փորձում են պահպանել իրենց վարկանիշը: ՊՆ-ի ղեկավարությունը զբաղված է միայն ինքնագովությամբ եւ բանակում բացասական գործընթացները քողարկելով:

Վերոնշյալ փաստերը հաստատում է նաեւ «Խազար» ռազմական հետազոտությունների ինստիտուտի ղեկավար Ջասուր Սումերինլին: Նրա տեղեկություններով՝ 2015 թվականից ադրբեջանական բանակում ֆինանսական հոսքերը սկսել են կտրուկ կրճատվել: Սումերինլիի կարծիքով՝ ադրբեջանական բանակը չի զարգանում, այլ փաստացի հետընթաց է ապրում: «Զինծառայողներն ունեն լուրջ խնդիրներ սոցիալական ապահովության առումով, չկա թափանցիկություն եւ հաշվետվողականություն, իսկ հրապարակային պատասխանատվության մասին խոսք անգամ չի կարող լինել: Բանակի ստեղծման ռազմավարությունը դեռեւս հայտնի չէ, բանակին վերաբերող որոշումներն ընդունվում են որոշակի խմբերի ներսում եւ չեն համաձայնեցվում օրենսդիր մարմինների հետ: Իրականությունը կասկած է առաջացնում զարգացող բանակի հայտարարությունների վերաբերյալ»,- նշել է փորձագետը:

Սումերինլին անդրադարձել է նաեւ ռազմական ոլորտում ծախսերին եւ սպաների վարձատրությանը՝ ընդգծելով. «Զինծառայողների սոցիալական վիճակի բարելավմանն ուղղված քաղաքականությունը չի իրագործվում, փոխարենը՝ ձեռք է բերվում Ռուսաստանից ու Իսրայելից զինամթերք եւ ռազմական տեխնիկա՝ միլիարդավոր դոլարներ արժողությամբ»: