News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Իսրայելական զենքի գնորդների մեջ Ադրբեջանը երրորդն է Հնդկաստանից եւ Վիետնամից հետո։ Համաձայն տարբեր աղբյուրների՝ 2017-ին Երուսաղեմը Բաքվին մատակարարել է 140 մլն դոլարի սպառազինություն, գրում է «Նովայա գազետան»։

Հրթիռներից մինչեւ տանկեր

Ադրբեջանի բանակը (ԱԱԲ) իր սպառազինությունում ունի «Բարաք-8» զենիթահրթիռային համալիրներ (ԶՀՀ), որոնք ստացել են տեղական «Իլդիրիմ» անունը։ Դրանք նախատեսված են հակառակորդի ինքնաթիռները խոցելու, ինչպես նաեւ ծովից ու ցամաքից արձակված հրթիռները ոչնչացնելու համար։ Դրանք օդային թիրախները խոցում են մինչձայնային եւ գերձայնային արագություններով, տարբեր բարձրությունների եւ հեռավորությունների վրա։ Հրթիռը երկաստիճան պինդվառելիքային է, 4,5 մետր երկարությամբ եւ հագեցած է ինքնուղղորդվող ակտիվ համակարգով։
Իսրայելական խոշոր Elbit Systems մասնավոր ընկերությունն արդիականացրել է մի քանի տասնյակ Т-72 ադրբեջանական տանկեր՝ դրանց վրա տեղադրելով կրակի կառավարման նոր համակարգեր եւ արդիական զրահներ։

Այդ նույն իսրայելական կոնցեռնը Բաքվին մատակարարում է 120 միլիմետրանոց CARDOM (Computerised Autonomous Recoil Rapid Deployed Outrange Mortar) ինքնագնաց ականանետեր։ Ականանետն ունի կրակի կառավարման արդիական համակարգ, նավիգացիոն բլոկ, ուղղորդման ավտոմատ համակարգ եւ սեփական ուժային սարք։

Ադրբեջանի բանակը ստացել է նաեւ իսրայելական շարժական հակահրթիռային EL/M-2080 ռադիոտեղորոշիչ համակարգ՝ «Գրին Փայն» (Green Pine, թարգմանաբար՝ «Կանաչ եղեւնի»), որը ստեղծել է իսրայելական ELTA Systems ընկերությունը (Israel Aerospace Industries կոնցեռնի դուստր ընկերությունն է)։ Շարժական ռադիոտեղորոշիչ այս կայանը թույլ է տալիս ինքնուրույն հայտնաբերել եւ հետեւել տասնյակ տակտիկական բալիստիկ հրթիռների հակառակորդի կողմից ռադիոէլեկտրոնային պայքար մղելու պայմաններում։ Նման ռադիոտեղորոշիչ կայանների որոշակի քանակություն տեղակայված է ադրբեջանա-իրանական սահմանին։

Իսրայելն Ադրբեջանի ազգային բանակին մատակարարել է նաեւ տեղափոխվող POMINS-2 հեռահար ականազերծման համակարգեր, որոնք կարող են կես րոպեում ականների դաշտերում ստեղծել անցումներ 50 մետր երկարությամբ եւ 1,5 մետր լայնությամբ։ Դրա համար արձակվում է հրթիռ, որը ականադաշտում պայթուցիկով մալուխ է անցկացնում, որի պայթյունից հետո բոլոր հակահետեւակային ականները  պայթեցվում են, իսկ լարերով արգելապատնեշները՝ վերացվում։ 

Ադրբեջանական զինվորականների զինանոցում կան իսրայելական փոքրածավալ ատրճանակ-թնդանոթներ՝ «Միկրո-ուզի», գրոհային հրացաններ՝ «Տավոր-21», եւ ձեռքի թնդանոթ՝ «Նեգեւ», որը թողարկում է Israel Military Industries-ը։

Ադրբեջանի զինանոցը համալրված է նաեւ իսրայելական В-300 նռնականետով, որն ընդունակ է խոցել մինչեւ 400 մմ միասեռ զրահ, ինչպես նաեւ Rafael-ին պատկանող իսրայելական «Սփայք» բազմաֆունկցիոնալ հրթիռային համալիրներով: 2016 թվականին բրիտանական Military Balance պարբերականը հաղորդել էր, որ Ադրբեջանում տեղադրվել են իսրայելական արտադրության ATMOS 2000 (Autonomous Truck MOunted System) թվով հինգ 155 մմ ինքնագնաց հրետանային սարքավորումներ: Այդ ինքնագնացը նախատեսված է կենդանի ուժի, հրետանային մարտկոցների, երկարաժամկետ կրակակետերի ոչնչացման, ինչպես նաեւ ականապատ դաշտերն անցնելու համար:

2000-ականների կեսերին Ադրբեջանը ձեռք էր բերել հետախուզական եւ պարեկային տեսակի Storm իսրայելական ամենագնացներ, որոնք ունեն վառելիքի, ջրի, բեռնախցում գնդացրի եւ այլ սարքավորումների տեղադրման հնարավորություն: 

2013 թվականին Իսրայելն ու Ադրբեջանը սկսել էին բանակցություններ «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համալիրի մատակարարման շուրջ: Այդ համակարգը ցուցադրել էր արդյունավետությունը մինչեւ 80 կմ կրակ արձակելու հնարավորությամբ չկառավարվող հրթիռների դեմ պայքարում: Այդպիսի համալիրի մարտկոցը կարող է ծածկել մինչեւ 200 ք/կմ տարածք:

Մասնագետների անցկացրած փորձարկումները ցույց են տվել, որ «Երկաթե գմբեթը» կարող է բավականին արդյունավետորեն պայքարել ցանկացած օպերատիվ-տակտիկական հրթիռային համալիրների դեմ՝ ներառյալ ռուսական «Իսկանդեր» համալիրները:

Բաքվի եւ Երուսաղեմի համագործակցությունն ուղղված է երրորդ երկրների դե՞մ

Բաքվի եւ Երուսաղեմի միջեւ ռազմատեխնիկական համագործակցությունը որոշակի մտահոգություններ է առաջացնում Երեւանի մոտ: Օրինակ, Իսրայելական «Գաարեց» թերթի տվյալներով, 2019 թ. մարտին Եգիպտոսում Հայաստանի դեսպան Արմեն Մելքոնյանը այցելել էր Երուսաղեմ եւ Իսրայելի Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ  Դան Օրիանին Երեւանի կողմից բողոք էր ներկայացրել Բաքվին իսրայելական զենքի մատակարարման կապակցությամբ:

Մասնավորապես, խոսքը «Լեռնային Ղարաբաղում հայ կամավորների դեմ ադրբեջանցի զինվորների կողմից իսրայելական արտադրության անօդաչուների  կիրառման» փաստերի մասին էր: Մոտավորապես հենց այդ ժամանակ, ՀՀ փոխարտգործնախարար Գրիգոր Հովհաննիսյանը մեկ այլ իսրայելական «The Jerusalem Post» թերթին տված հարցազրույցում ասել էր, որ Հայաստանը «կողջունի այն իրավիճակը», երբ Իսրայելը, օրինակ, Միացյալ Նահանգների եւ շատ եվրոպական երկրների օրինակով, կհրաժարվի զենք վաճառել ինչպես Ադրբեջանին, այնպես էլ Հայաստանին, որոնք երկարատեւ հակամարտության մեջ են:

Հատկանշական է, որ Կնեսեթի նախկին անդամ, «Հայաստան-Իսրայել» հասարակական համաժողովի համանախագահ Ալեքսանդր Ցինկերը հիշատակել էր հայերին իսրայելական զենքի մատակարարման հնարավորությունների մասին: «Սպուտնիկ-Հայաստան»-ին տված հարցազրույցում նա հայտարարել է, որ առաջին հերթին Երուսաղեմի եւ Երեւանի միջեւ երկկողմ համագործակցությունը կարող է զարգանալ ցանկացած բնագավառում, այդ թվում, ռազմական, եւ երկրորդ, Իսրայելը, իբրեւ թե, արդեն զենք է առաջարկել Երեւանին: Սակայն  այս տեղեկատվությունը չի հաստավել այլ աղբյուրներից:

Պաշտոնական Երուսաղեմն ընդգծում է, որ Բաքվին սպառազինություն մատակարարելով, երբեք անմիջականորեն չի գործում Երեւանի դեմ: Հատկապես, պետք է նշել, որ Իսրայելում ապրում են ինչպես տասնյակ հազարավոր ներգաղթյալներ Ադրբեջանից, որոնք այստեղ են տեղափոխվել խառը ընտանիքների շրջանակում, այնպես էլ քիչ չեն հայերը՝ ներգաղթյալներ Հայաստանից եւ այլ երկրներից:

Ընդ որում դեռ 2012 թ. ապրիլի 14-ին իսրայելաբնակ հայերը ԱԳՆ շենքի դիմաց բողոքի ցույց էին կազմակերպել՝ ընդդեմ Ադրբեջանին իսրայելական սպառազինության վաճառքի դեմ: Ակցիայի մասնակիցները նաեւ դժգոհություն էին հայտնել այն կապակցությամբ, որ Իսրայելը մինչ օրս  պաշտոնապես չի ճանաչել 1915 թ. Հայոց ցեղասպանության փաստը:

Միեւնույն ժամանակ, հնարավոր չէ չնկատել այն փաստը, որ Իսրայելը վախենում է Հայաստանում իրանական ազդեցության մեծացումից: Նման ազդեցության օրինակները բավականաչափ են: Անդրանիկ Մարգարյանի կառավարությունում ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանը  «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության ուղղությունները» ծրագրային զեկույցում հայ-իրանական հարաբերությունները բնութագրել էր որպես ռազմավարական: Չնայած այս ոլորտում Թեհրանի եւ Երեւանի միջեւ լուրջ համագործակցություն դեռեւս չի նկատվում, Երուսաղեմում ուշադիր հետեւում են իրավիճակին:

Ադրբեջանը բարեկամանում է, բայց զգուշավոր  է

Այսօրվա դրությամբ Ադրբեջանի եւ Իսրայելի միջեւ ռազմական եւ ռազմատեխնիկական բնագավառում հարաբերությունները (եւ ոչ միայն սպառազինությունների մատակարարման տեսանկյունից) բնութագրվում են որպես գործընկերային հարաբերություններ՝ եւ մարտավարական եւ ռազմավարական իմաստով:

Այս կապակցությամբ ցուցադրական է նաեւ այն փաստը, որ չնայած բոլոր ոլորտներում, այդ թվում, ռազմական, բավականին ակտիվ իսրայելա-ադրբեջանական հարաբերություններին, Ադրբեջանն այդպես էլ  Իսրայելում իր դեսպանատունը չի բացել: Թեեւ պաշտոնական դիվանագիտական հարաբերությունները համարվում են հաստատված, քանի որ 1993 թ. Բաքվում իր դռներն էր բացել Իսրայելի դեսպանատունը:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ