NEWS.am-ը ներկայացնում է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Դմիտրի Մեդվեդեւի եւ Իլհամ Ալիեւի համատեղ հայտարարության տեքստն ամբողջությամբ:
«Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանական Հանրապետության նախագահները ՌԴ նախագահի հրավերով 2011թ. մարտի 5-ին հանդիպեցին Սոչիում եւ հանգամանորեն քննարկեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընթացքն ու հեռանկարները:
Քննարկելով 2010թ. հոկտեմբերի 27-ին Աստրախանում ընդունված եռակողմ հայտարարության գործնական կիրառման հարցերը` նախագահները, ի լրումն դրանում նախատեսված միջոցառումների, պայմանավորվեցին վստահության հետագա ամրապնդման հետեւյալ քայլերի մասին.
1.Ամենակարճ ժամկետում ավարտել ռազմագերիների փոխանակումը
2.Ձգտել բոլոր վիճելի հարցերը լուծել խաղաղ միջոցներով եւ կրակի դադարեցման գծի երկայնքով կողմերի մասնակցությամբ անցկացնել հնարավոր միջադեպերի հետաքննություն` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո եւ ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի աջակցությամբ:
Նախագահներն ընդգծեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերով իրենց պարբերական շփումների կարեւոր նշանակությունը եւ պայմանավորվեցին շարունակել դրանք այդ ձեւաչափով ` ի լրումն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, մարտի 5-ին Սոչիում տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը՝ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ։ Հանդիպման արդյունքում ընդունվել է համատեղ հայտարարություն: Սա նախագահների՝ եռակողմ ձեւաչափով 8-րդ հանդիպումն է։ Հիշեցնենք, որ նախօրեին ադրբեջանական դիպուկահարի գնդակից զոհվել էր հերթական հայ զինվորը: Պաշտոնական Բաքուն համառորեն հրաժարվում է ընդունել միջնորդների` շփման գծից դիպուկահարների դուրս բերման վերաբերյալ առաջարկությունը:





























