News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Գյումրի է ուղեւորվել Երեւանի երկաթուղային կայարանից՝ Երեւան-Գյումրի-Երեւան երթուղում աշխատանքը սկսող նոր՝ թվով երկրորդ ЭП2Д էլեկտրագնացքով: Գնացքն արդեն տեղ է հասել:

Մինչ այդ վարչապետը ծանոթացել է երկաթուղային կայարանի գործունեությանը, որի ընթացքում, մասնավորապես, նրան են ներկայացրել տոմսերի վաճառքի համակարգը: Նիկոլ Փաշինյանը եղել է նաեւ կայարանի թանգարանում:

Կառավարության ղեկավարը ծանոթացել է էլեկտրագնացքի պայմաններին, հնարավորություններին եւ ողջունել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից էլեկտրագնացքների ավելացման որոշումը: Դրա մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի եւ ՌԴ տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխի, «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Ալեքսանդր Միշարինի 2018 թվականի նոյեմբերին կայացած հանդիպմանը:

Նոր էլեկտրագնացքը կաշխատի ուրբաթ, շաբաթ եւ կիրակի օրերին էքսպրեսի ռեժիմով՝ առանց բաժանիչ կանգառների: Սա արդեն երկրորդ ժամանակակից որակյալ շարժակազմն է, որը կաշխատի ամենածանրաբեռնված ներհանրապետական երթուղում:

Նիկոլ Փաշինյանը Հարավկովկասյան երկաթուղու ղեկավարների ուղեկցությամբ շրջայց է կատարելու նաեւ վագոնավերանորոգման եւ լոկոմոտիվային դեպոներում:

Նշենք, որ Էլեկտրագնացքը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից գնվել է վերջերս՝ ռուսական «Տրանսմաշհոլդինգ» արտադրող ընկերությունից: Նոր էլեկտրագնացքի երթեւեկության տեւողությունը կազմում է 2 ժամ 10 րոպե: Արագընթաց գնացքները կաշխատեն օրը 4 անգամ՝ ժամը 09:40 եւ 17:15-ին մեկնելով Երեւանից Գյումրի եւ 09:05 եւ 17:10-ին վերադառնալով մայրաքաղաք:

ЭП2Д էլեկտրագնացքը լիովին համապատասխանում է ուղեւորափոխադրումների անվտանգության բոլոր կանոններին: Հայաստանի համար ընտրվել է էլեկտրագնացքի 2-վագոնանոց մոդիֆիկացիան, որն առավել հարմար է հայաստանյան պայմաններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ