News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Մի ժամանակ մարդիկ բողոքում էին, որ Գյումրիում չեն կառուցում, հիմա բողոքում են, որ կառուցում են: Այս մասին, այսօր՝ ապրիլի 5-ին, Գյումրի կատարած աշխատանքային այցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով փաստին, որ ամիսներ շարունակ շինարարություն է ընթանում ու մարդիկ քայլելու համար մայթ անգամ չունեն:

«Շինարարական կուլտուրան պետք է բերել նոր մակարդակի, էստեղ քաղաքական բանավեճի խնդիր չէ»,-ասաց նա:

Փաշինյանը հանձնարարեց Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանին հրավիրել ճարտարապետներին ու խնդիր դնել, որ եթե որեւէ տեղ շինարարություն է արվում, դա չի նշանակում, որ կյանքը պետք է կանգ առնի:

Բալասանյանն անընդհատ պնդում էր, որ կառուցում են, լավ ճանապարհներ են ունենալու: Փաշինյանն էլ նշեց, որ եթե բանը հասել է իր Գյումրի գալուն, նշանակում է իրեն էլ պետք է հասած լիներ խնդիրը եւ պետք է լուծում տրված լիներ:

Ներկաներից մեկը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Սարիկ Մինասյանը, նկատեց. «Սա դեռ փառք է», ինչը առաջ բերեց Սամվել Բալասանյանի դժգոհությունը եւ վարչապետի ներկայությամբ նրանք սկսեցին վիճել՝ իրար անվանելով՝ «կլյաուզնիկ»:

Վարչապետը ստիպված էր ձայնը բարձրացնել. «Էդպես չեղավ, հետո իրար հետ կպարզաբանեք: Հիմա կարո՞ղ է էստեղ քուչի բազար սկսեք: Մի հատ հանգստացեք, այ քեզ բան»:

Հիշեցնենք, Սարիկ Մինասյանը մինչեւ պատգամավոր ընտրվելը  2013-2017թթ. աշխատել է  Գյումրու քաղաքապետարանում՝ բյուջեի եկամուտների հաշվառման եւ հավաքագրման բաժնի պետ։ Այնուհետ 2018թ. մարտից Սոցիալական ապահովության ծառայության  Գյումրու տարածքային  բաժնի պետն էր: Նա բավականին սերտ հարաբերություններ ուներ Սամվել Բալասանյանի հետ: 2016թ. Գյումրու ՏԻՄ ընտրությունների ժամանակ եւս Սարիկ Մինասյանը շատ ակտիվ աշխատել է Սամվել Բալասանյանի շուրջ ձեւավորված դաշինքի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ