News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Բրիտանիայի քաղաքացիները սկսկել են անձնագրեր ստանալ, որոնց շապիկին բացակայում են «Եվրոպական միություն» բառերը՝ չնայած նրան, որ երկիրը դեռ դուրս չի եկել ԵՄ-ից, գրում է Press Association-ը:

Բրիտանիայի ՆԳՆ ներկայացուցիչը գործակալությանը հայտնել է, որ նոր տեսակի անձնագրերի տրամադրումը սկսվել է մարտի 30-ից, թեեւ ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալը, որը պետք է կայանար մարտի 29-ին, հետաձգվել էր, քանի որ բրիտանացի պատգամավորները արդեն երեք անգամ հրաժարվել են  բրեքսիտի պայմանների մասին պայմանագիրը հաստատել:

Ընդ որում բրիտանացիները, որոնք իշխանություններին դիմում են նոր փաստաթղթերի համար, դեռեւս կարող են «Եվրոպական միություն» գրությամբ անձնագիր ստանալ եւ ձեւակերպման երկու տարբերակներից մեկն ընտրել չի կարելի:

«Մնացած անձնագրային բլանկներն օգտագործելու եւ հարկատուների միջոցների ավելի ռացիոնալ օգտագործման համար, նշված ամսաթվից հետո (մարտի 29) դեռեւս կարճ ժամանակահատվածում կտրվեն «Եվրոպական միություն» գրությամբ անձնագրեր», -նշել են Բրիտանիայի ՆԳՆ-ում՝ ընդգծելով, որ երկու տեսակի անձնագրերի միջեւ այլ տարբերություններ չկան եւ երկուսն էլ կարող են օգտագործվել արտասահմանում ուղեւորությունների ժամանակ:

Նախատեսվում է, որ 2019-ի հոկտեմբերից բրիտանական անձնագրերը եւս մեկ փոփոխություն կկրեն. կփոխվի ԵՄ երկրներում ընդունված շապիկի մուգ կարմիր գույնը եւ կդառնա մուգ կապույտ: Բացի այդ անձնագրերը մի  շարք առանձնահատկություններ կունենան, որոնք պետք է բացառեն փաստաթղթերի կեղծման հնարավորությունը: Նոր անձնագրերի արտադրության համար գործարքը, որը բրիտանական իշխանություններն անվանում են  աշխարհում տեխնոլոգիապես ամենակատարյալը, կնքվել է ֆրանս-նիդերլանդական Gemalto ընկերության հետ: Ըստ ԶԼՄ-ի՝ 11.5 տարվա համար նախատեսված գործարքի գումարը կազմում է 260 մլն սթերլինգ (340 մլն դոլար):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ