News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ես կարծում էի՝ իմ գործընկեր Ալեն Սիմոնյանը արժանապատվորեն կընդունի իմ առաջարկը՝ հրապարակել իր պնդմամբ այն հրավերը, որը ես ուղարկել եմ տրանսգենդեր տիկնոջ «Իրավունքի կողմ» ՀԿ-ին: Այս մասին այսօր՝ ապրիլի 8-ին ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, որը մեկ օրում երկրորդ անգամ ֆեյսբուքյան լայվով անդրադարձավ այս խնդրին։

«Բայց պարոն Սիմոնյանը համառորեն շարունակում է իր մանիպուլյացիան: Իր էջում հրապարակել է անվտանգության խնդրանքով իմ կողմից տրամադրված ցուցակը, թե որ հասարակական կազմակերպություններն են դիմել մարդու իրավունքների հանձնաժողովին և ցանկություն հայտնել ներկա լինելու լսումներին: Եվ դա ներկայացրել է որպես հրավեր իմ կողմից: Սա ես համարում եմ Էժանագին  մանիպուլյացիա, սա անհարգալից վերաբերունք է հանրության հանդեպ՝ մտածելով, որ հանրությունը կտեսնի իմ ստորագրությունը, և կասի՝ դե հա էլի, հրավեր է»,- ասաց նա:

Զոհրաբյանն ասաց, որ իր պահանջն Ալեն Սիմոնյանին կրկին ուժի մեջ է. «Պարո՛ն Սիմոնյան, հրապարակեք այդ հրավերը, այլապես դուք ստախոս եք: Մենք ուզում ենք հասկանալ, թե ով է այդ բազմաթիվ կազմակերպություններին հրավիրել գրանցվելու մարդու իրավունքների հանձնաժողովում, մասնակցելու խորհրդարանական լսումներին»,- ասաց Զոհրաբյանը:

Զոհրաբյանը պատմեց այն մասին, որ քիչ առաջ իրեն փոխանցել են մի շարք ՀԿ-ներ, որ  Մարիա Կարապետյան անունով մեկն իրենց հորդորել է մասնակցել խորհրդարանական լսումներին. «Նշել է մեր հանձնաժողովի հեռախոսահամարը, և ասել է՝ եկեք, գրանցվեք լսումներին և մասնակցեք»,- պատմեց նա, և վերջում ասաց, որ հույս ունի, որ երրորդ լայվի կարիք չի լինի:

Հիշեցնենք, որ ապրիլի 8–ին դիմելով ԱԺ բակում հավաքված՝ տրանսգենդերի ելույթի դեմ բողոքող ցուցարարներին՝ Ալեն Սիմոնյանը ցույց էր տվել Նաիրա Զոհրաբյանի ստորագրությամբ փաստաթուղթ և հայտարարել. «Ահա հրավիրյալների ցանկը, որը ներառված է փաթեթում, տակը Նաիրա Զոհրաբյանի ստորագրությունն է։ Մարիա Կարապետյանի եւ «Իմ քայլը» խմբակցությունից որեւէ մեկի անունը չկա»։ Ավելի վաղ, ԱԺ–ում ունեցած ելույթում «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Մարիա Կարապետյանը սուտ էր որակել Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը, թե ինքն է լսումների հրավիրել տրանսգենդեր կնոջը։

Ավելի ուշ Ալեն Սիմոնյանը, պատասխանելով Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը, թե ինքը սուտ է ասել, ֆեյսբուքայն գրառում է  արել, որում պնդել է, որ միայն Նաիրա Զոհրաբյանը, որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ, կարող էր հրավիրել նրանց. «Ցավալի է միայն այն, որ տիկին Զոհրաբյանը մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվելու փոխարեն` զբաղվում է այլոց վրա «մեղքը» բարդելով»:

 

Տպել
Ամենաշատ