News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստ արեց եւ սպառեց օրակարգի բոլոր հարցերը։ Քաղաքացու օրվա նախագիծը, որ ընդունվել էր կառավարության որոշմամբ, ընդունեց նաեւ խորհրդարանը, 92-ը կողմ էին, 3-ը դեմ։

Այս համերաշխությունը կարճ տեւեց։ Պատգամավորները հիշեցին տրանսգենդերի ելույթը եւ գլխավոր հարցը՝ ով էր նրան հրավիրել։ ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանն ակնարկել էր, որ հրավերը եղել է «Իմ քայլից», անուն էլ էր տվել։ Ամբիոնից Մարիա Կարապետյանը՝ նա,ով ըստ Զոհրաբյանի, եղել էր տրանսգենդերին հրավիրողը, հայտարարեց՝ Նաիրա Զոհրաբյանը ստում է։  Զոհրաբյանի մեղադրանքը շարունակեց նրա կուսակից Գևորգ Պետրոսյանը։

Խորհրդարանի բակում էլ էին զայրացած մարդիկ, բողոքի ցույց էին անում տրանսգենդեր հյուրընկալած պատգամավորների դեմ, մի հոգեւորական էլ, ամենաակտիվը բողոքողների մեջ, ուզում էր խնկարկել ամբիոնը, որը ըստ նրա՝ պղծել է տրանսգենդեր կինը։

Ալեն Սիմոնյանը թույլ չտվեց, ասաց, կքննարկենք խնկարկելու առաջարկը, կպատասխանենք։ Բանակցությունը վեճի փոխվեց։ 

Խորհրդարան եկավ ցուցարաների երկրոդ խումբը, նրանք իրենց հետ ամբիոն էին բերել, վրան գրված՝ «բռնվեք, ազգն է գալիս»։ Այդ ամբիոնից էլ պահանջեցին օրենք ընդունել միասեռականության քարոզի դեմ։

Ալեն Սիմոնյանը մոտեցավ նրանց, եւ կրքերը փորձեց ուղղել դեպի ԲՀԿ-ն։ Նա  փաստաթուղթ ցույց տվեց՝ հայտարարելով, որ տրանսգենդեր կնոջը հրավիրել է Նաիրա Զոհրաբյանը։

Վեճի աշխարհագրությունը մեծացավ։ Նաիրա Զոհրաբյանը, որ Ստրասբուրգում էր ԵԽԽՎ նիստի, «լայվով» հայտարարեց՝ Ալենի պնդումը լկտի եւ անամոթ սուտ է։

Ալեն Սիմոնյանն ապացուցեց․ ֆեյսբուքյան իր էջում հրապարակեց Նաիր Զոհրաբյանի ստորագրած փաստաթուղթը ու առաջարկած հյուրերի ցանկը, որտեղ էր նաեւ այդքան վեճեր բորբոքած կնոջ անունը։ 

Նաիրա Զոհրաբյանը Ստրասբուրգից երկրոդ «լայվը» մտավ, հայտարարեց՝ Ալեն Սիմոնյանը համառորեն շարունակում է իր մանիպուլյացիան։ 

«Սպայկայի» տնօրենը, որ ըստ ՊԵԿ-ի տվյալների, չի վճարել 7 միլիարդ դրամի հարկ եւ տուրք, այսօր երկու ամսով կալանավորվեց։ Դատարանը բավարարեց ՊԵԿ-ի քննչական վարչության միջնորդությունը։ 

Դատարանի շենքի առաջ էին «Սպայկայի» մոտ 500 աշխատակիցներ։ Երբ իմացան, որ տնօրենը կալանավորվել է, փակեցին Տիգրան Մեծի պողոտան՝ թույլ չտալով նաեւ, որ տնօրենին տեղափոխող մեքենան շարժվի։ Ցուցարարները շարժվեցին դեպի կառավարության շենք, այդ հսկա պարտքի ֆոնին նրանք նշում էին, որ կտուժի նաեւ մթերումը։ «Սպայկայի» մեկ այլ տնօրենի՝ Կարեն Բաղդասարյանի հորդորով դադարեցրին ակցիան։

Երեկոյան «Իմ քայլի» խմբակցության հետ հանդիպելու համար խորհրդարան էր եկել վարչապետ Փաշինյանը։ Լրագրողները մի քանի հարց տվեցին նրան, նախ «Սպայկայի» մասին։  Գլխավոր հարցը սակայն Ալեւի հանդիպման արդյունքերն էին, որը քննարկելու համար էր Փաշինյանը հանդիպել թիմակից պատգամավորների հետ։ Նա հայտարարեց, որ եթե պատերազմ սկսվի, կպարտադրենք խաղաղություն, եւ եթե վախ կա պատերազմից, ապա հավասարապես բոլորը ունեն վախենալու բան՝ եւ Ադրբեջանը, եւ տարածաշրջանը։ Փաշինյանը նաեւ մի կարեւոր ճշտում արեց։

Երեկ՝ կիրակի օրը, ԵԿՄ-ն արտահերթ համագումար արեց եւ միակ թեկնածուին՝ Սասուն Միքայելյանին, միաձայն ընտրեց վարչության նախագահ։ Այս միաձայն քվեարկությունը սակայն չէր նշանակում, որ Սասուն Միքայելյանը բոլորի սրտով էր ։ Կոռնիձոր ջոկատի հրամանատարը՝ Արա խուդավերդյանը, ավելի հայտնի որպես Կոռնիձորի Արո, իր համախոհների հետ ընտրելու մանդատ չէր ստացել։ Նա հայտարարեց, որ Մանվելից հետո էլ ԵԿՄ-ում շարունակվում  է մանվելիզմը։ Իսկ այսօր արդեն դադարեցրեց անդամակցությունը ԵԿՄ-ին։

Վարչապետի տիկինը ամերիկյան շրջագայության ժամանակ մի հայտարարություն է արել, որ հավակնում է նոր սկանդալի։ Ըստ նրա՝ զինվորների կյանքը զոհաբերվել է հանուն ոչնչի, քանի որ հակամարտությունը միեւնույն է կարգավորված չէ։ Աննա Հակոբյանը խոսել է «Կանայք՝ հանուն խաղաղության» նախաձեռնության մասին եւ նշել, որ իրենց նպատակը կյանքեր խնայելն է երկու կողմերից։

Այսօր բացահայտվել է դաժան սպանության դեպք։ Երեւանի բնակիչ 46-ամյա Արսեն Սարդարյանը ապրիլի 4-ից որպես անհայտ կորած որոնվում էր ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից։ Նա հանգստյան օրերին տաքսու վարորդ է աշխատել։ Երևանից պատվիրատուի հետ ուղևորվել է Լոռու մարզ։ Հաջորդ օրվանից հարազատները ոչ մի տեղեկություն չեն ունեցել նրանից։ Ոստիկանները հայտնաբերել են նրա Mercedes-ը, որի ղեկին եղել է Ալավերդի քաղաքի բնակիչ 30-ամյա Կամո Կիրակոսյանը։ Նա բերման է ենթարկվել և խոստովանել, որ դանակի մի քանի հարվածով սպանել է Արսեն Սարդարյանին, դին այրել է եւ տարել Աքորի գյուղ։ Կամո Կիրակոսյանը ձերբակալվել է։

Դոլարի փոխարժեքը այսօր նվազել է՝ կազմելով 487 դրամ, եվրոն 547 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 636, ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 45 դրամ:

Ապրիլի 9-ին Հայաստանում սպասվում են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +5+7, վաղը ցերեկը՝ +18+20։

 

 

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ