News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Վարչապետ ընտրվելուց հետո մեր իրավապահ ու հարկային մարմիններն անընդհատ ինձ ահազանգել են, որ «Սպայկա»-ի հետ կապված կան լրջագույն խնդիրներ, այդ թվում հարկային: Այս մասին, այսօր՝ ապրիլի 9-ին, Նորագավիթի մաքսատանը, լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ «Սպայկա»-ի հետ կապված խնդրի պատճառով բազմաթիվ մարդիկ են տուժում:

«Ես բոլորին ասել եմ՝ շատ լավ, ոնց օրենքով նախատեսված կարգն է, հետաքննեք, բայց այնպես արեք, որ աշխատանքային պրոցեսը, արտահանման պրոցեսը չխաթարվի: Իմ այս հրահանգն ընկել է նաեւ որոշ մարդկանց ականջին: Նրանք սրանից առիթավորվել են ու սկսել են քննիչների հետ խոսել ձեռ առնելով, արհամարհանքով ու քննչական մարմինները խնդիր են դնում, ասում են՝ չհասկացանք, ուրեմն մենք չենք կարա գործը հետաքննենք: Այն ինչ անհրաժեշտ է օբյեկտիվ քննության համար, պետք է տեղի ունենա», - ասաց վարչապետը՝ ավելացնելով, որ ինքը չի կարող որեւէ գործի խոչընդոտել։

Դիտարկմանը, որ «Սպայկա»-ի աշխատակիցները ակնկալում են վարչապետի միջնորդությունը, Փաշինյանը պատասխանեց. ««10 ամիս է, իմ լռելյայն միջնորդությունն այն մասին է, որ քննությունը տարեք էնպես, որ ընկերության աշխատանքը չխաթարվի, բայց դա չի նշանակում, որ որոշ մարդիկ գնան մտնեն սենյակներ, քննիչներին ձեռ առնեն, թողնեն, գնան իրենց տուն»:

Նա նշեց, թե եթե «Սպայկան» ուզում է բոյկոտ անի, ուրեմն ուրիշ ընկերություններ ի հայտ կգան, մրցակցային պայմաններում շուկան կկարգավորի։

«Հեսա կտեսնենք՝ կկանգնեն, թե չեն կանգնի, շատ խելոք էլ կաշխատեն, որովհետեւ ոչ մեկ էսօր, առավել եւս իրենք, չեն համաձայնի միլիոնավոր դոլարների կորուստ ունենալ, ինչ է թե բոյկոտեն», - ասաց վարչապետը։

Ինչ վերաբերում է հայտարարություններին, թե այս զարգացումների հետեւանքով «Սպայկան» զրկվում է 100 մլն դոլարանոց ծրագրից, վարչապետ ընդգծեց. «Ամեն մի ընկերություն պատասխանատու է, որ իր գործունեությունը լինի օրինական»:

Նա ասաց, թե իրեն հարց են տալիս, թե ինչո՞ւ չեն բարձրացնում ուսուցիչների աշխատավարձը. «Չեմ բարձրացնում, որովհետեւ ոմանք հարկեր չեն վճարում։ Մեղադրանքում նշված 7 մլրդ դրամը ուսուցիչների աշխատավարձն է 10 տոկոսով բարձրացնելն է: Կանխատեսումն այն է, որ այդ 7 մլրդ-ը դառնալու է 14, 25, 30 մլրդ: Հնարավոր է՝ բացվի ենթադրաբար մախինացիայի մի շղթա, որտեղ չէր կարող գոյություն ունենալ առանց ամենավերեւներից հովանավորության:

Ում մոտենում ես, ասում է՝ ռեստորանս կփակեմ, դե էդ դեպքում ոչ մեկ թող հարց չտա ինձ՝ ինչո՞ւ է թոշակները ցածր, ինչո՞ւ աշխատավարձերը չեք բարձրացնում, որովհետեւ բոլոր ներդրողները չեն ուզում հարկ վճարեն ու սպառնում են, որ կփակեն աշխատատատեղերը: Այսինքն՝ էս ժողովրդին գերի՞ են վերցրել, իրենց կողոքվ անցնել չի կարելի, որովհետեւ իրենք մարդկանց կյանքը կանխորոշելու մանդատ ունեն: Չունեն իրենք էդ մանդատը», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ