News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Վաղ առավոտյան Նիկոլ Փաշինյանը այցելեց Նորագավիթի մաքսատուն, եւ այնտեղ գրեթե ինչ աչքով ընկավ, բարկացրեց նրան։

Մաքսատանը ոչ միայն չէին հոգացել, որ Փաշինյանի ոտքի տակ մաքուր լինի, նրան տեսնելիս էլ ոմանք չէին ձգվում, ինչպես որ ինքը կուզեր։Արդեն սենյակում Փաշինյանը անկյունում նկատեց փոշոտ եռագույն։ Բարկությունը հասավ գագաթնակետին։ Ի դեպ այս դրվագը Փաշինյանը մի քանի անգամ հիշեց։

Եւ նույնիսկ այցից հետո ֆեյսբուքում գրեց «Եթե պետք լինի տասնյակ հազարավորների ազատել աշխատանքից՝ կազատեմ: Բայց նման վերաբերմունք պետական դրոշի նկատմամբ չեմ հանդուրժի: Եւ վերջ»:

Փաշինյանին հունից հանած մաքսատան տեսուչը պարզվեց երկու ամսվա աշխատող է, դրոշն էլ ժառանգել են ոստիկանությունից, որը նույն շենքում է գործել։

Փաշինյանը ֆեյսբուքում այլ գրառում էլ արեց՝ արդեն աշխատանքային։ Գրեց, որ ՊԵԿ նախագահին հանձնարարել է միջոցներ ձեռնարկել ավտոմաքսատունը Երեւանից Գյումրի տեղափոխելու վերաբերյալ:

«Սպայկայի» տնօրենը երեկ կալանավորվեց հսկայական հարկեր չվճարելու կասկածանքով։ Փաշինյանը այս ստվերով բացատրեց, թե ինչու աշխատավարձ չի կարողանում բարձրացնել։

Իսկ վտանգը, որ «Սպայկան» այս նոր ու մեծ խնդրով չի կարողանա աշխատել, Փաշինյանին չի մտահոգում, կարծում է՝ «Սպայկան» չլինի, շուկայում մի ուրիշը կհայտնվի, բայց կաշխատի, որ միլիոնների կորուստ չունենա։

Խորհդարանում ելույթ ունեցած տրանսգենդերի  մասին Փաշինյանին զեկուցել են։ Պարզվում է՝ տրանսգենդեր Լիլիթի նախկին անունը եղել է Վաղարշակ։ Վաղարշակը երբ Լիլիթ է դարձել, նրան անձնագիր են տվել, անունը գրել Լիլիթ, սեռը՝ արական, եւ սա եղել է Հանրապետականի իշխանության ժամանակ։

Խորհրդարանում այդ կնոջ ներկայության համար ԲՀԿ-ն եւս մեղադրում է «Իմ քայլին»։ Փաշինյանը սա համարեց քաղաքական պրովոկացիա իր թիմակից խմբակցության դեմ։ Այնուամենայնիվ, կա նաեւ մարդու իրավունքի խնդիր՝ Վաղարշակ-Լիլիթը մարդ է, ուրեմն ունի իրավունքներ։ Եվ հաջորդ հարցը ԲՀԿ-ին՝ արդյոք Նաիրա Զոհրաբյանը իր պահվածքով կարող է լինել Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ։

Այս հարցը ԲՀԿ-ում դեռ չեն քննարկել, բայց նույն խմբակցությունից Վարդան Ղուկասյանը առաջարկ ուներ․ ոչ թե սուտ դեմոկրատիայով երկիրը խառնել իրար, այլ Լիլիթին ուղարկել Հոլանդիա։ Ինքը բռնությանը դեմ է, բայց էգ ու որձը խառնելուն ավելի դեմ է։

Քաղաքացու օրը արդեն օրենքի ուժ ունի, խորհրդարանը երեկ առաջին, այսօր երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց այդ օրինագիծը։ Մեկ ուրիշ օրենք էլ փոխվեց, այսուհետեւ սեղմված գազը կվաճառվի կիլոգրամով, ոչ թե խորանարդ մետրով։

ԲՀԿ-ի հետ լարվածության ֆոնին Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլում» ՊԵԿ-ը ստուգումներ է արել՝ բավականին մեծ կազմով՝ մոտ 40 հոգի։ ՊԵԿ-ից հայտնել են, որ ստացել են ահազանգ, թե  տաղավարների վարձավճարները շատ են վերցնում, բայց փոքր թիվ են ցույց տալիս: Մոլի տնօրենը հերքեց, ասաց՝ ոչ մի հարկ չեն թաքցրել։

Ոստիկանությունը հանցավոր խումբ է բացահայտել։ Մինչ այդ մեծ նախապատրաստություն է եղել՝ սահմանվել է շուրջօրյա հսկողություն, կազմակերպվել են դարանակալումներ, գիշերը խմբին հետեւելու համար օգտագործվել են տեխնիկական հատուկ միջոցներ և գիշերային նկարահանող սարքեր: Պարզվել է, որ հանցավոր խումբը Երևանի Ջերմաէլեկտրակայանի տրանսֆորմատորից պարբերաբար գողացել է պղինձ և իրացրել մետաղի ընդունման կետում: Ըստ նախնական տվյալի՝ գողոնն ամեն անգամ կազմել է 1 տոննա, վնասը 21 միլիոն դրամ է: 9 կասկածյալ է կալանավորվել։

Դոլարի փոխարժեքը այսօր նվազել է՝ կազմելով 486 դրամ։ Եվրոն 548 դրամ է, բրիտանական ֆունտտ՝ 636, ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 52 դրամ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով»․ 22․04․2019
Արտակ Շաբոյանի փոխարեն տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը կղեկավարի Գեղամ Գեւորգյանը․․․
Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով»․ 19․04․2019
Խորհրդարանի օրակարգում այսօր ներկրվող ցեմենտի վրա տուրք սահմանելու հարցն էր, որ հատկապես զգայուն է...
Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով»․ 18․04․2019
Կառավարության նոր կառուցվածքի նախագիծը Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց․․․
Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով»․ 17․04․2019
Մարուքյանը նաեւ պաստառներ էր բերել՝ վիզուալ եւ մատչելի բացատրելու համար, թե ինչ կառուցվածք են իրենք պատկերացնում եւ առաջարկում․․․․
Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով»․ 16․04․2019
Խորհրդարանի օրակարգում էր նաեւ Սահմանադրական դատավորի անդամի ընտրության հարցը….
Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով»․ 15․04․2019
Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովը այսօր դրական եզրակացություն տվեց․․․