Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը այսօր՝ ապրիլի 9-ին, ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի Հանրապետության Արտգործ նախարարության մամուլի ծառայությունից։
Հանդիպմանը կողմերն անդրադարձ են կատարել ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակի՝ տարածաշրջան կատարած այցի արդյունքներին։
Քննարկվել է Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակը։ Այս համատեքստում ընդգծվել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում կայունության պահպանման կարևորությունը: Կողմերն անդրադարձ են կատարել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից իրականացվող դիտարկումների վերաբերյալ մի շարք հարցերի։