News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 22
USD
476.48
EUR
535.52
RUB
7.56
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը

Ռուսաստանյան որոշ հեռուստաընկերություններ, մասնավորապես՝ «Ռոսիա» ալիքը, եթեր են հեռարձակում չափազանց ագրեսիվ հաղորդումներ՝ ակնհայտ հակահայկական ուղղվածությամբ, որոնք հայերի հանդեպ ատելության կոչ են անում։ Այս մասին ապրիլի 10-ին գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 2018 թվականի գործունեության մասին» հաշվետվության ներկայացման ժամանակ, ասել է «Իմ քայլը» կառավարող խմբակցության պատգամավոր Նարինե Թուխիկյանը՝ դիմելով կառույցի նախագահ Տիգրան Հակոբյանին։

Նա, մասնավորապես, հետաքրքրվել է, թե կարելի է արդյոք սահմանափակել կամ լրիվ արգելել այդ ալիքի առանձին հաղորդումների հեռարձակումը Հայաստանի տարածքում։ «Ես ձեզ հետ համաձայն եմ։ Դա որոշակի սպառնալիք է ստեղծում Հայաստանի տեղեկատվական անվտանգության համար»,- պատասխանել է Հակոբյանը։ Ընդ որում՝ նա նշել է, որ շատ երկրներ, ինչպես Ուկրաինան եւ Վրաստանը, արդեն իրականացրել են այդ գաղափարը, բայց «դրա համար նրանք շատ բարձր գին են վճարել»։

«Հարցն այն է, թե պատրաստ ենք արդյոք մենք գնալ դրան եւ վճարել նույն գինը, ինչ այդ երկրները։ Չէ՞ որ նրանք զրկվել են իրենց տարածքի մի մասից։ Մենք պետք է կարողանանք հավասարակշռվել, քանի որ այս պահին մենք բավական շատ ոչ պակաս կարեւոր խնդիրներ ունենք։ Գուցե կգա ժամանակը, երբ մենք կհայտնվենք ավելի նպաստավոր վիճակում եւ կկարողանանք իրականացնել այդ գաղափարը, բայց հիմա դրա իրականացումը ցանկալի չէ»,- ընդգծել է Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահը։

Հիշեցնենք, որ «Ռոսիա-ՌՏՌ» հեռուստաալիքը («Ռոսիա 1» պետական հեռուստաալիքի միջազգային տարբերակը ԱՊՀ երկրների համար) հեռարձակվում է թվային ձեւաչափով Հայաստանի ողջ տարածքում, ազգային հաճախականության վրա, ըստ միջպետական համաձայնագրի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել