News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

2019 թվականի ապրիլի 11-ին հայտնի դարձավ մոտ 30 տարի երկիրը ղեկավարած Սուդանի նախագահ Օմար ալ Բաշիրի հրաժարականի մասին:

Ծագումը, կրթությունը

Օմար ալ Բաշիրը (լրիվ անունը Օմար Հասան Ահմեդ ալ Բաշիր) ծնվել է 1944 թվականի հունվարի 1-ին  Խոշե Բաննագա գյուղում (Անգլա-եգիպտական Սուդան, ներկայումս Սուդան, Կապույտ Նեղոս նահանգ) գյուղացու ընտանիքում: Իրեն համարում է ջաալի ազգությունից: 1966 թվականին Հարթումում ավարտել է Ռազմական ակադեմիան, ուսումը շարունակել  Կահիրեի ռազմական ակադեմիայում: 1981-ին Հարթումի Ռազմական ակադեմիայում  մագիստրոսի աստիճան է ստացել: Պակիստանում եւ ԱՄն-ում որակավորման բարձրացման դասընթացներ  է անցել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ռազմական կարիերա

 1967-1969 թվականներին եղել է Սուդանի բանակի օդաչու, այնուհետ տեղափոխվել դեսանտային զորքեր: 1973 թվականի հոկտեմբերին «Դատաստանի օրվա պատերազմում»՝ Սինայի թերակզղում Իսրայելի դեմ ռազմական գործողությունների ժամանակ, եղել է հետեւակ բրիգադի հրամանատար:

1975-1978 թվականներին ռազմական կցորդ է ծառայել ԱՄԷ-ում:

1979 թվականին Սուդան վերադառնալուց հետո դարձել է պարաշյուտային բրիգադի կայազորի հրամանատարը, իսկ 1981-ին պարաշյուտային բրիգադի: Մի շարք ռազմական գործողություններ է անցկացրել ապստամբական Սուդանի Ժողովրդաազատագրական բանակի դեմ: 1987-ին գնդապետի կոչում է ստացել:

Իշխանության գալը

1989 թվականի հունիսի 30-ին Օմար ալ Բաշիրը գլխավորել էր ռազմական հեաղշրջումը, որի արդյունքում տապալվել էր Սադիկ ալ Մահդիի կառավարությունը: Ղեկավարել է ազգային փրկության հեղափոխության հրամանատարության խորհուրդը, որը ստանձնել էր օրենսդիր եւ գործադիր իշխանության գործառույթները, դարձել է վարչապետ եւ պաշտպանության նախարար, ստացել է գեներալ-լեյտեննատի կոչում եւ դարձել ԶՈՒ գլխավոր հրամանատար (ավելի ուշ՝ ֆելդմարշալ):

Իշխանության գալուց հետո  երկրում արտակարգ դրություն էր սահմանվել, չեղարկվել էր Սահմանադրությունը, լուծարվել էր խորհրդարանը, կառավարությունը եւ կառավարական հաստատությունները, ստեղծվել էին ռազմական տրիբունալներ, հաստատվել շարիաթի օրենքներ, արգելվել քաղաքական կուսակցությունները, արհմիությունները եւ թերթերը: Երկրից արտաքսվել էին հումանիտար կազմակերպութունների օտարերկրյա աշխատակիցները: 1990 թվականին Սուդանը իսլամական պետություն էր հռչակվել: Արեւմտյան աղբյուրների տեղեկություններով՝ երկիրը բազա էր դարձել Ալ Քաիդա ահաբեկչական խմբավորման ահաբեկիչների համար, իսկ 1991-ին Սուդանում հաստատվել էր նրա առաջնորդ Ուսամա Բեն Լադենը:

Առաջին նախագահական ժամկետը (1993-1999 թվականներ)

1993 թվականի հոկտեմբերի 16-ին Ազգային փրկության հեղափոխության հրամանատարության խորհուրդը որոշում ընդունեց ինքնալուծարվելու մասին եւ Օմար ալ Բաշիրին նշանակեց երկրի նախագահ։ Ընդ որում՝ ալ Բաշիրը պահպանեց նաեւ վարչապետի պաշտոնը։
Այդ նույն թվականին ԱՄՆ-ը Սուդանը ներառեց ահաբեկչությունը ֆինանսավորող պետությունների ցանկում։ 1996-ին Սուդանի հանդեպ դիվանագիտական պատժամիջոցներ մտցրեց ՄԱԿ-ը (գործել են մինչեւ 2001 թվականը)։
Երկյուղելով միջազգային զորքեր մտցնելուց՝ ալ Բաշիրը զիջումների գնաց՝ Սուդանից հեռացավ բեն Լադենը, երկրում տեղի ունեցան նախագահական ընտրություններ այլընտրանքային հիմքով, որոնց ընթացքում ալ Բաշիրը հաղթանակ տարավ՝ ստանալով ձայների 75,7 տոկոսը (նրա մրցակից Աբդ ալ Մաջիդ Սուլթան Քիջաբը հավաքեց 2,4 տոկոս, երկուսն էլ առաջադրվել էին որպես անկախ թեկնածուներ)։
1997-ին ԱՄՆ-ը երկրում մարդու իրավունքների խախտման եւ ահաբեկչական սպառնալիք ստեղծելու համար Սուդանի հանդեպ առեւտրային էմբարգո մտցրեց եւ սառեցրեց Սուդանի կառավարության՝ ամերիկյան տարածքում գտնվող ակտիվները։
1999 թվականի հունվարին ալ Բաշիրը հայտարարեց երկրում խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին եւ լեգալացրեց քաղաքական կուսակցությունները։ Նույն թվականին նա գլխավորեց «Ազգային կոնգրես» կուսակցությունը։

Հետագա գործունեությունը նախագահի պաշտոնում (2000 թվականից)

2000 թվականին Օմար ալ Բաշիրը նորից հաղթեց նախագահական ընտրություններում (89,5 տոկոս ձայներ)։ 2001-ի փետրվարին նա հաշտություն կնքեց Սուդանի Ժողովրդա-ազատագրական բանակի հետ, բայց կառավարական ուժերի եւ ՍԺԱԲ-ի միջեւ բախումները շարունակվեցին մինչեւ 2004 թվականը։ Այդ ժամանակ ՄԱԿ ճնշմամբ սկսվեցին բանակցություններ, որոնք ավարտվեցին 2005-ին հաշտության համաձայնագրի կնքմամբ։ Դա կանգնեցրեց ավելի քան 20 տարի տեւած եւ մոտ 2 մլն մարդկանց կյանք խլած պատերազմը։ Հարավային Սուդանին տրամադրվեց ինքնավարություն 6 տարով, իսկ 2011 թվականի հուլիսին այն դարձավ անկախ պետություն։


2003-ին սկսվեց քաղաքացիական պատերազմ երկրի արեւմուտքում՝ Դարֆուր նահանգում։ Առիթը Խարթումի եւ Հարավի ապստամբների միջեւ  նավթարդյունահանման եկամուտները կիսելու համաձայնագիրն էր, որը հաշվի չէր առնում Դարֆուրի նեգրոիդ բնակչության շահերը։ Իրավիճակը բարդացավ, երբ տարածաշրջանում նավթ հայտնաբերվեց։ 2011 թվականի ամռանը Բաշիրի կառավարությունը համաձայնագիր կնքեց ապստամբների հետ հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ։ Չնայած դրան՝ այն լիովին չհանգուցալուծվեց։ Նրա զոհ դարձավ մոտ 400 հազար մարդ, 2,7 մլն մարդ ստիպված էր փախչել։

2007-ին ուժի մեջ մտավ քաղաքական կուսակցությունների մասին օրենքը, որի համաձայն՝ զինվորականներին արգելվում էր առաջադրվել պետության ղեկավարի պաշտոնում։ 2010 թվականի հունվարին Բաշիրը հեռացավ զինվորական ծառայությունից՝ վայր դնելով երկրի զինված ուժերի գլխավոր հրամանատարի լիազորությունները, եւ այդ նույն թվականին մասնակցեց նախագահական ընտրություններին։ Դրանց արդյունքներով նա վերընտրվեց նախագահի պաշտոնում (հավաքեց 68,24 տոկոս)։ 2015-ին նորից ղեկավարեց երկիրը՝ հաղթելով ընտրություններում (94,5 տոկոս)։
Ընթացիկ նախագահական ժամկետում Բաշիրը բախվում է աճող տնտեսական խնդիրների։ Չնայած 2017 թվականի հոկտեմբերին ԱՄՆ-ը հանեց Սուդանի պատժամիջոցները, որոնք մտցվել էին 1997-ին (Սուդանը մնում է «ահաբեկչությունը հովանավորող պետությունների» ցանկում), իրավիճակն ավելի սրվեց։ Երկիրը օտարերկրյա արժույթի պակաս ունի, սուդանական ֆունտի արժեզրկումը կազմում է 70 տոկոս, գնաճը նույնպես 70 տոկոսի մակարդակի է։

2018 թվականի դեկտեմբերին վառելիքի եւ սննդամթերքի հիմնական տեսակների, գլխավորապես հացի (0,02 դոլարից մինչեւ 0,06 դոլար) եւ ալյուրի գնաճից հետո Աթբարա քաղաքում (Սուդանի հյուսիսարեւելյան մասում) սկսվեցին բողոքի զանգվածային ցույցեր, որոնք հետագայում տարածվեցին այլ քաղաքներում: Ցուցարարները պահանջում են նախագահի եւ կառավարության հրաժարականը: Ցույցերի ֆոնին 2019 թվականի փետրվարին երկրի նախագահը հայտարարեց արտակարգ դրություն մտցնելու մասին (սկզբնական 1 տարի ժամկետը մարտին կրճատվեց մինչեւ կես տարի): Տեղի ունեցան կադրային վերադասավորումներ. ձեւավորվեց նոր կառավարություն՝ Մուհամմեդ Թահեր Իիլի ղեկավարությամբ, նշանակվեցին նոր նահանգապետներ, փոփոխություններ կատարվեցին բանակի ղեկավարության մեջ: Դրանից բացի, ալ Բաշիրը լքեց իշխող «Ազգային կոնգրես» կուսակցության ղեկավարի պաշտոնը եւ խորհրդարանին խնդրեց հետաձգել սահմանադրության մեջ փոփոխությունների քննարկումը, որոնք նրան թույլ կտային առաջադրվել նոր նախագահական ժամկետով:

Մեղադրանքներ

Ալ Բաշիրը բազմիցս մեղադրվել է այն բանի համար, որ Սուդանում զինված կոնֆլիկտներն ուղեկցվում են զանգվածային սպանություններով, կողոպուտով, խոշտանգումներով եւ կանանց նկատմամբ բռնություններով, երեխաներին ստրկության քշելով եւ փախստականների ճամբարներում ծանր պայմաններով: Նախագահը լրագրողներին արգելում էր մտնել կոնֆլիկտների գոտի եւ փախստականների ճամբարներ: Նա պնդում էր, որ կառավարությունը ոչ մի կապ չունի տեղական բնակչության ցեղասպանության հետ, իսկ բռնությունը հրահրում են ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հովանավորած ուժերը:

2009 թվականի մարտին Հաագայի Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) Օմար ալ Բաշիրին կալանավորելու օրդեր տվեց: Նա մեղադրվում էր, որ անձամբ է տվել Դարֆուր նահանգում անկարգությունների ճնշման եւ ֆուր, մասալիտ ու զագհավա ժողովուրդների խաղաղ բնակչությանը ոչնչացնելու հրամանները: Մեղադրանքի 7-ից 5 կետն առնչվում էին մարդկության դեմ հանցագործություններին եւ երկուսը՝ ռազմական հանցագործություններին: Ալ Բաշիրը պետության առաջին գործող ղեկավարն է, որի դեմ ՄՔԴ-ն կալանքի օրդեր է տվել: Նա ներկայումս այցելում է միայն այն երկրներ, որոնք երաշխավորում են, որ նրան ՄՔԴ-ին չեն հանձնի:

Անձնական տվյալներ

Օմար ալ Բաշիրը երկու կին ունի՝ Ֆաթիմա Հալիդը եւ Վիդադ Բաբիքեր Օմերը: Երեխաներ չունի:
Տիրապետում է անգլերենի եւ ֆրանսերենի: Դավանում է սուննի ուղղության իսլամ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել