News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Արմավիրի մարզի Զարթոնքի գյուղաում տեղի ունեցած միջադեպից հետո, գյուղապետ Պարույր Սարգսյանը, որ մինչ այդ հայտարարում էր, որ ոչ մի դեպքում հրաժարական չի տա, արդեն նույն վստահությամբ չի պնդում դա:

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ բողոքի ակցիայի ժամանակ նա հայտարարեց, որ երկուշաբթի հանդես կգա հայտարարությամբ: Հարցին, թե արդյոք դա նշանակո՞ւմ է, որ ինքը հրաժարականի դիմում է ներկայացնելու, գյուղապետն ասաց. «Երկուշաբթի օրը ես իմ հայտարարությունը կանեմ»։

Իր հերթին, Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը գյուղացիներին խորհուրդ տվեց չշտապեցնել նրան` նշելով, որ հաջորդ աշխատանքային օրը երկուշաբթին է։

Ավելի ուշ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում գյուղապետ Պարույր Սարգսյանն ասաց. «Դավիթ Սանասարյանի հետ առանձին զրուցել ենք: Ինքը չի ասել հրաժարական տուր, ուղղակի մարդկային ձեւով ինքն էլ է ուզում, որ երկու կողմն էլ հանգստանան»:

Հարցին, թե պատրա՞ստ է նման մթնոլորոտւմ շարունակել իր պաշտոնավարումը, նա արձագանքեց. «Չգիտեմ, ես էլ կամուկացի մեջ եմ, խառնաշփոթ վիճակի մեջ եմ: Տեսնենք, էլի, ես երկուշաբթի կասեմ»:

Ավելի վաղ Զարթոնքի բնակիչներից Համլետ Աբովյանը NEWS.am-ին հայտնել էր, որ գյուղապետ Պարույր Սարգսյանի թոռը՝ 27-ամյա Նարեկ Մելքոնյանը, այսօր առավոտյան՝ ժամը 9-ի սահմաններում կրակ է բացել գյուղացիների ուղղությամբ:

«Կրակոցներից առաջ գյուղապետի կողմի ժողովուրդը հարձակվել է մեր ցուցարարներից Վարդան Պողոսյանի տան վրա։ Սկսվել է ծեծկռտուք երկու կողմերի միջեւ։ Վարդան Պողոսյանը գլխի վնասվածք է ստացել, ու հիմա Մեծամորի հիվանդանոցում պառկած է»,- ասել է նա՝ հավելելով, որ Նարեկ Մելքոնյանը որսորդական հրացանով կրակել ու վնասվածք է ստացել 35-ամյա Սեյրան Սահակյանը:

Իր հերթին Զարթոնքի գյուղապետ Պարույր Սարգսյանը, ով Նարեկ Սարգսյանի պապն է, NEWS.am-ին հայտնել է, որ ցուցարարներն են առավոտյան հարձակվել իր աղջկա՝ Նանուշ Սարգսյանի տան վրա, իր թոռն էլ պաշտպանվելու համար որսորդական հրացանից մի քանի անգամ կրակել է օդ. «Հնչել են կրակոցներ, այո որովհետեւ 50 հոգով մտել են աղջկաս տան դուռն ու պատուհաններն են կոտրել, թոռս էլ վախեցել է, ու պաշտպանվելու համար սկսել է կրակել օդ։ Փամփուշտն էլ հակադարձել ու կպել է մեկի ոտքին»: Նա նաեւ նշել է, որ բնակիչները գյուղ եկած ոստիկանների ուսադիրներն են պոկել ու քարերով խփել։

Ավելի ուշ Քննչական կոմիտեից հայտնել են, որ միջադեպի առթիվ քրգործ է հարուցվել երկու անձ ձերբակալվել է, որից մեկը գյուղապետի թոռն է: Կան բերման ենթարկվածներ: Միջադեպի մասնակից հինգ անձ դիմել է բուժօգնության։ Նրանցից երկուսի վնասվածքը, նախնական վարկածով՝ առաջացել է որսորդական փամփուշտի կոտորակից»:

Տպել
Ամենաշատ