News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Օրերս Վայոց ձորի մարզում, «Բեզոար» բնապահպանական հիմնադրամի հետ համատեղ աշխատանքների արդյունքում Բնության համաշխարհային հիմնադրամի տեսախցիկը նկարահանել է հերթական ընձառյուծին։

Այս մասին MEWS.am–ին ասաց Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի մամուլի պատասխանատու Հերմինե Հակոբյանը։

Նա նշեց, որ ընձառյուծը, ամենայն հավանականության արու է եւ այս տարի արդեն երրորդ դեպքն է, որ կարողացել են տեսախցիկները ընձառյուծ ֆիքսել։

«Այս տարի նախ Սյունիքի մարզի Արեւիք ազգային  պարկում մեր տեսախցիկները ֆիքսեցին ընձառյուծ, այնուհետեւ Վայոց Ձորի մարզի հարավային շրջանում, օրերս կրկին Վայոց ձորի մարզում»,– ասաց նա։

Հերմինե Հակոբյանը նաեւ նշեց, որ վերջին շրջանում ավելի հաճախ է դարձել ընձառյուծ նկարահանելու դեպքերը, պատճառը, ըստ նրա, թե ընձառյուծների շարժն է, թե տեսախցիկների թվի ավելացումը:

«Վերջին տվյալներով մեր տարածաշրջանում բնակվում է 10–11 ընձառյուծ, իսկ մեր տեսախցիկների քանակն անցնում է 100–ից. Ամեն տարի տեսախցիկների թիվը ավելացնում ենք։ Յուրաքանչյուր փոքր հատվածի վրա տեսախցիկներ են դրված, մոնիտորինգը ուժեղացված է»,– ասաց նա, նշելով, որ դեռեւս խնդիր կա ընձառյուծներին պաշտպանելու եւ նախատեսվում է ընձառյուծ որսալու համար մեծ տուգանքներ սահմանել։

Հիշեցնենք, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը նախագիծ է մշակել, որ ընձառյուծի անօրինական որսի համար նախատեսված 3 մլն դրամ տուգանքը  կդարձվի 100 մլն: Եթե որսն արվել է հատուկ պահպանվող տարածքում, ապա տուգանքը հնգապատկվում է:

Դեռեւս 2002 թվականից սկսած՝ բնապահպանության նախարարությունը եւ Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը (WWF Armenia) Հայաստանում իրականացնում են Կովկասյան ընձառյուծի պահպանության ծրագիր։ Ծրագրի հիմնական նպատակն է անհետացման եզրին գտնվող ընձառյուծի, ինչպես նաեւ նրա համար որս հանդիսացող տեսակների՝ բեզոարյան այծի, հայկական մուֆլոնի եւ այլ տեսակների պոպուլյացիաների ավելացումը, այդ կենդանատեսակների ապրելավայրերի պահպանությունը:

Կենդանատեսակը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում եւ Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Կարմիր ցուցակում՝ «կրիտիկական» կարգավիճակով: Ընձառյուծի ապրելավայրերն են Արարատի, Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ