News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Կուբայի նախագահ Միգել Դիաս Կանելը մեղադրել է Թրամփի վարչակազմին երկու երկրների միջեւ հարաբերությունների վատթարացման մեջ: Նա կոչ է արել կուբացիներին ամրապնդել Ազատության կղզու պաշտպանությունն ու տնտեսությունը, հաղորդում է Reuters-ը:

Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ը մասնակցում է «ֆինանսական հետապնդմանը, որը, մասնավորապես, բարդացնում է առաջին անհրաժեշտության ապրանքների եւ ռեսուրսների ներմուծումը»:

Վերջին տարիներին Կուբայի տնտեսությունը լճացման փուլում է, իսկ Կուբայի դաշնակից Վենեսուելայում իրավիճակը հանգեցրել է պետական կառույցների կողմից վառելիքի եւ էներգիայի օգտագործման եւ այնպիսի հիմնական ապրանքների պակասին, ինչպիսիք են՝ հացը, հավն ու ձուն: ԱՄՆ-ի կողմից նախագահ Դոնալդ Թրամփի օրոք պատժամիջոցների խստացումը եւս բարդացնում է Կուբայի համար ֆինանսական հաստատություններից վարկեր ստանալու հնարավորությունները, իսկ Կուբան այժմ ունի կանխիկ գումարների պակաս:

Կուբայի էկոնոմիկայի նախարար Ալեխանդրո Խիլ Ֆերնանդեսն ավելի վաղ կոչ էր արել կառավարությանը ամուր կապել գոտիներն ու փնտրել ներմուծման այլընտրանքներ, քանի որ արժութային հոսքերը կրճատվում են: «Արտահանման ծավալները չեն աճում: Օտարերկրյա ներդրումների մակարդակը չի նյութականացվում»,-ասել է նա: «Մենք կարող ենք կանխատեսել, որ ներմուծման պլանը չի կատարվի, քանի որ վարկերը, որոնց կարիքը մենք ունենք, չեն տրամադրվի պարտքերի պատճառով»:

Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ Կուբան պատասխանատվություն է կրում Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի պաշտոնավարման համար, եւ սահմանել է նոր պատժամիջոցներ Կուբայի դեմ, որին արդեն սպառնում է լուրջ առեւտրային էմբարգոն:

Ապրիլին Միացյալ Նահանգները սահմանել էին պատժամիջոցներ այն նավերի եւ ընկերությունների համար, որոնք Վենեսուելայից նավթ են ուղարկում Կուբա՝ փոխանակելով բժշկական եւ այլ տեխնիկական ծառայությունների հետ:

«Մեր պատասխանն է՝ ո′չ, պարոնայք իմպերիալիստներ, մենք՝ կուբացիներս, չենք հանձնվում»,-հայտարարել է Դիազ Կանելը՝ հավելելով, որ ներկայիս իրավիճակը նշանակում է, որ «մենք ունենք երկու բացարձակ առաջնահերթություն՝ պաշտպանության ուժեղացումն ու տնտեսական պայքարը միաժամանակ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ