News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ապրիլի 15-ին ԱՄՆ-ը եւ Ճապոնիան սկսում են առեւտրային բանակցությունները: ԱՄՆ-ի առեւտրային ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհիզերը եւ Ճապոնիայի էկոնոմիկայի նախարար Տոշիմիցու Մոտեգին միտված են անցկացնել երկօրյա բանակցություններ Վաշինգտոնում, հաղորդում է AFP-ը:

Ավելի վաղ Մոտեգին հայտարարել էր, որ սպասվում են «անկեղծ» բանակցություններ, իսկ առաջին փուլում «կքննարկվեն ոլորտները հիմնականում ապրանքների մակարդակում»: «Ես կանեմ հնարավորինս ամեն ինչ հանգամանալից քննարկումներ անցկացնելու համար մեր ազգային շահերից բխող լավ արդյունքներ գրանցելու նպատակով»,-ասել է Մոտեգին:

Անցյալ տարի մայիսին նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել էր իր վարչակազմն ուսումնասիրել օտարերկրյա ավտոմեքենաների եւ ավտոմասերի ներկրման համար 25 տոկոս հարկ սահմանելու հնարավորությունները, ինչն անհանգստություն էր առաջացրել այդ ոլորտում եւ կարող էր լուրջ հետեւանքներ ունենալ Ճապոնիայի եւ Եվրոպայի համար: ԱՄՆ-ի նախագահը հաճախ դժգոհում էր երկկողմանի առեւտրում Ճապոնիայի ոչ արդարացի առավելության համար եւ խոստանում շտկել դա:

ԱՄՆ-ի գյուղատնտեսության նախարար Սոննի Փերդյուն հայտարարել էր, որ հույս ունի «արագորեն կնքել համաձայնագիր Ճապոնիայի հետ» գյուղատնտեսական արտադրանքի համար սակագներն իջեցնելու առումով:

Այդուհանդերձ, ամերիկյան կողմն, ըստ ամենայնի, կբախվի Ճապոնիայի անհամաձայնությանն այդ հարցի շուրջ, հաղորդում է Jiji Press-ը՝ վկայակոչելով կառավարությունում իր աղբյուրներին: «Մենք չունենք հնարավորություն նախ գյուղատնտեսական գործարք կնքելու համար»,-ասել է ճապոնացի բարձրաստիճան պաշտոնյան: Նրա խոսքերով՝ եթե Ճապոնիան անի դա, ապա կարող է խախտել Առեւտրի համաշխարհային կազմակերպության կանոնները, որոնք կապված են ազատ առեւտրի մասին համաձայնագրերի հետ:

Տոկիոն ձգտում է կենտրոնանալ միայն սակագների հարցերի շուրջ:

Այնուամենայնիվ, Վաշինգտոնի առեւտրային ներկայացուցիչներն առանձնացրել են 22 ոլորտներ բանակցությունների համար, այդ թվում՝ ոչ սակագնային արգելքները ճապոնական ավտոմոբիլային շուկայում եւ արժույթում:

ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել է, որ յուրաքանչյուր համաձայնագիրն իր մեջ կներառի միջազգային առեւտրում առավելություններ ստանալու համար արժույթների միջոցով մանիպուլյացիաներից զերծ մնալու պահանջը:

Նշենք, որ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն կմեկնի Միացյալ Նահանգներ ապրիլի վերջում, եւ Թրամփը կմեկնի Ճապոնիա մայիսին երկրի նոր կայսրին հարգանքի տուրք մատուցելու համար, որը կսկսի ղեկավարել երկիրը մայիսի 1-ից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ