News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Այն համակարգը, որ բոլորս քննադատել ենք, պահպանվում է նաեւ այս իշխանության օրոք։ Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով կառավարության կառուցվածքի փոփոխության նախագծի քննարկմանը։

«Ընդդիմության երկար տարիների պահանջն է եղել, որ անվտանգության սեկտորը լինի խորհրդարանական վերահսկողության ներքո, այն է՝ լինի կառավարության կառուցվածքում: Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում՝ ի պատասխան պատգամավորի հարցի, ասել է, որ ԱԱԾ-ն եւ ոստիկանությունը դառնալու են նախարարություններ, սակայն այս կառուցվածքում այդ խոստումն այդպես էլ չի իրացվել»,– նշեց նա։

Մարուքյանը պնդեց՝ որեւէ ուսումնասիրություն, հետազոտություն, չափման միավոր, ալգորիթմ նախագծի հիմքում դրված չէ, միակ ալգորիթմն այն է, թե՝ «մենք շատ ենք, մեզ շատ մարդ է ընտրել, նախագիծը պետք է ընդունվի». «Ինչպես են որոշել, ինչպես են հանգել այս որոշմանը, արտախորհրդարանական եւ խորհրդարանական ուժերի կարծիքը հաշվի առնվել է, թե ոչ։ Որեւէ հոդաբաշխ հիմնավորում այս նախագծի հետ կախված չկա։

Նա շեշտեց՝ խորհրդարանում մեծամասնություն ներկայացնող խմբակցության համար ամոթ է այսպիսի թույլ հիմնավորված նախագիծը. «Եթե մեկ տարի մենք պետք է սպասեինք, որ այսպիսի թույլ հիմնավորված նախագիծ ունենայինք, սա ուղղակի ամոթ է եւ նման ձեւով անպատրաստ քաղաքական մեծամասնությունը չպետք է որեւէ բան ներկայացներ»։

Մարուքյանն ասաց, որ չեն զիջելու, շարունակելու են իրենց լոբբինգը. «Խորհրդարանական երկրում Ազգային ժողովի մշտական հանձնաժողովները հիմնական օրենսդրական քննարկումները գեներացնող մարմիններն են։ Եթե այստեղ այդքան անպատրաստ էին քննարկումը, ինչ պիտի սպասել դահլիճից։ Դահլիճում  էլ հարակից զեկուցողը նույն մարդն է՝ Վահանգն Հովակիմյանն է, որը չէր պատասխանում հարցերին։ Ամեն դեպքում մենք չենք զիջելու, մենք շարունակելու ենք մեր լոբբինգը, որ Հայաստանը ունենա ժողովրդավարական կառավարման կառուցվածք»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ Մարուքյանը վարչապետից կճշտի, թե ինչու իր խոսոտումը չի կատարել, պատգամավորն ասաց, որ խոստման չկատարման պատասխանատուն միայն վարչապետը չէ. ««Իմ քայլը» խմբակցության 88 պատգամավորները եւս դրա պատասխանատուն են, սակայն պարզվեց՝ մարդիկ ասում են՝ մենք չգիտենք, հարցրեք մեր ղեկավարին։ Բա դուք ինչի՞ համար եք ընտրվել» ։

Տպել
Ամենաշատ