News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ապրիլի 27-ին կայանալիք Քաղաքացու օրվան ընդառաջ մարզպետարաններում խորհրդակցություններ են տեղի ունենում. քննարկումների առանցքում այդ օրը կայանալիք միջոցառումներն են: NEWS.am-ի տեղեկություններով՝ այսօր՝ ապրիլի 15-ին, միջոցառումների կազմակերպման կապակցությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել Շիրակի մարզպետարանում, վաղն էլ նմանօրինակ խորհրդակցություն է նախատեսվում Տավուշի մարզպետարանում:

Քաղաքացու օրը միջոցառումներ են նախատեսվում Երևանում և Հայաստանի բոլոր մարզկենտրոններում և խոշոր քաղաքներում: Ծրագրում ներառված են ծառատունկի աշխատանքներ, մարզական միջոցառումներ, հանրային քննարկումներ, ցուցահանդեսներ, ֆիլմերի ցուցադրություններ ու ներկայացումներ, գրքերի շնորհանդեսներ, համերգային ծրագիր և տոնական հրավառություն:

Քաղաքացու օրը կայանալիք միջոցառումների վերաբերյալ NEWS.am-ը զրուցեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի հետ, որը կոորդինացնում է միջոցառումները հանրապետության մի քանի մարզերում:

Նա նշեց, որ միջոցառումների ցանկը դեռևս հստակցված չէ, և որ այդ կապակցությամբ կառավարությունում դեռևս աշխատանքային խումբ պետք է ձևավորվի:

«Աշխատանքային խումբը դեռևս ամբողջական ձևավորված չէ. այժմ ուսումնասիրությունների փուլ է, ուսումնասիրում ենք, թե որ մարզում ինչ ձևաչափով են անցկացվելու միջոցառումները: Դրա համար կառավարությունն առանձին ասուլիս կհրավիրի և նկերկայացնի ամբողջական ծրագիրը, կներկայացնի, թե որ մարզում ով է համակարգելու կամ որ տարածքներում են անցկացվելու տվյալ միջոցառումները»,- ասաց նա:

Հարցին, թե ինչու է Երևանի փոխքաղաքապետը համակարգում մարզային միջոցառումները՝ Վիրաբյանն ասաց.

«Համապետական միջոցառում է, որի անցակացման համար յուրաքանչյուրս իր մասով օժանդակություն է ցուցաբերում, անկախ նրանից՝ դա տեղի է ունենում Երևանում, թե Երևանից դուրս»:

Հիշեցնենք, որ կառավարությունը 2019թ. մարտի 21-ի նիստում հավանություն էր տվել արժանացրել «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծին:

Ըստ դրա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը նշվելու է ապրիլի վերջին շաբաթ օրը: Եթե մայիսի 1-ը համընկնի շաբաթ օրվա հետ, ապա Քաղաքացու օրը կնշվի ապրիլի վերջին կիրակի օրը: Այս տարի Քաղաքացու օրը կնշվի ապրիլի 27-ին:

Տպել
Ամենաշատ