News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Արմավիրի մարզի Զարթոնք համայնքի միջնակարգ դպրոցի մոտ հարյուր աշակերտ դասադուլ է անում, նրանք իրենց ծնողների հետ միասին պահանջում են տնօրեն Նանուշ Սարգսյանի հրաժարականը: Ապրիլի 13-ին բողոքող գյուղացիների և դպրոցի աշխատողների միջև տեղի ունեցած միջադեպի ժամանակ տնօրենը դպրոցից դուրս է հանել ցուցարարների երեխաներին, կազմակերպչական հարցերի փոխտնօրեն Իրինա Պողոսյանին և ուսուցչուհի Ալվարդ Խաչատրյանին՝ ասելով՝ «ոտներդ չմտնի էս դպրոց»: Դրանից հետո սկսվել է բողոքի ակցիան տնօրենի հրաժարականի պահանջով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց դպրոցի աշակերտներից մեկը, ով ականատես է եղել այդ միջադեպին, և ասաց՝ «կյանքում այդ դպրոց չեմ մտնելու»:

«Տնօրենը այդ օրը դուրս հանեց մեր փոխտնօրեն Իրինա Պողոսյանին, և մեր մանկավարժներից՝ Ալվարդ Խաչատրյանին: Ընկեր Պողոսյանի հայրը գյուղի ցուցարարներից Վարդան Պողոսյանն է: Ընկեր Խաչատրյանի որդին նույնպես ցուցարարների շարքում էր: Այդ ժամանակ տնօրենը բոլորիս աչքի առաջ փոխտնօրենի թևից քաշեց, ու ասաց՝ դու էս դպրոցում անելիք չունես, կարաս գնաս, կանգնես քո մարդասպան հորդ կողքը»,- ասաց աշակերտը:

Նրա խոսքով՝ ուսուցիչներից մեկը այդ միջադեպի ժամանակ մոտեցել է ցուցարարներից մեկի աղջկան, որը 9-րդ դասարանում է սովորում և անվայել խոսքեր ասել նրա հոր հասցեին. «Մենք էինք վատ զգում մեզ, ուր մնաց էտ աղջիկը վատ չզգար: Ուժեղ լացում էր ինքը: Տնօրենը անընդհատ նշում էր, էս են ձեր մարդասպան ծնողները: Իմ պատմության ուսուցիչը՝ տնօրենի որդին, մեր վրա էր կրակում, էլ ես ո՞նց գնամ էն դպրոցը, որտեղ իրա մայրը տնօրեն ա»,- ասաց նա:

Այսպես են տրամադրված նաեւ դասադուլ անող աշակերտների ծնողները։ «Էսօրվանից մեր երեխեքը չեն գնալու էտ դպրոց, քանի որ իրենք վռնդել են ցուցարարների երեխաներին»,- NEWS.am-ի հետ զրույցում հայտարարեց համայնքի բնակիչ Համլետ Աբովյանը՝ նշելով, որ եթե տնօրենը հրաժարական չտա, իրենց երեխաներին Մեծամորի որևէ դպրոց:

«Մենք դիմում-բողոք ենք ներկայացրել Կրթության գիտության նախարարություն, որ այդպիսի մարդը չաշխատի կրթական համակարգում: Չենք ուզում, որ մեր երեխեքը իրենց վատ զգան, չենք ուզում լսեն անհիմն, անվայել խոսքեր իրենց ծնողների հասցեին»,- ասաց համայնքի բնակիչը։

Դպրոցի տնօրեն Նանուշ Սարգսյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ իր դպրոցում ամեն ինչ կարգին է. ունի 86 բացակա: Տնօրենը հերքեց, թե ինքը ցուցարաների երեխաներին դուրս է հանել դպրոցից. «Այդ միջադեպի ժամանակ երբ դպրոցի օպերատորին էին հարվածում, իմ ուսուցիչներից մեկը, թողնելով իր դպրոցը, անցնում է հակառակ կողմ: Դա շատ վիրավորական է, թեկուզ, որ իր հայրը ցուցարար էր, դա չի մեղմում իր քայլը»,- ասաց տնօրենը և ավելացրեց, որ ինքը մտադրություն չունի հրաժարական տալու, համաձայն է, որ լինեն ստուգումներ:

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ ունեցել է հանդիպում երկու կողմերի հետ: Հորդորել է դադարեցնել դասադուլը: Նրա խոսքով՝ իրականցվելու են ստուգումներ, և եթե տնօրենը թույլ տված լինի խախտումներ, կլինի իրավական համապատասխան որոշում:

«Մեր տեսակետը հետևյալն է, կրթական պրոցեսը չպետք է խաթարվի, և դադարեցվի քաղաքական պահանջների համար: Իրավական հիմք բողոքողների խոսքերում կա, սակայն ապացույցներ չկան: Ուրբաթ օրվա լարված իրավիճակի հետևանքով դադարեցվեցին ստուգումները, բայց շուտով կշարունակվեն: Բացառություններ չեն լինելու, խախտման դեպքում՝ կլինի համապատասխան քայլ»,- ասաց մարզպետը:

Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի Զարթոնք համայնքի բնակիչները երկու ամիս բողոքի ակցիաներ էին անում՝ պահանջելով 23 տարվա գյուղապետ Պարույր Սարգսյանի հրաժարականը, նրան մեղադրելով՝ մի շարք անօրինականությունների համար: Ապրիլի 12-ին պահանջում էին դպրոցի տնօրեն Նանուշ Սարգսյանի հրաժարականը, որը գյուղապետի դուստրն է դպրոցի բակում ցուցարարների ու դպրոցի աշխատողների միջև եղել է ծեծկռտուք, որի հետևանքով դպրոցի օպերատորը ստացել է գլխի վնասվածք: Ապրիլի 13-ի առավոտյան համայնքապետի 27-ամյա թոռը՝ Նարեկ Մելքոնյանը, որը դպրոցի տնօրենի որդին է, ինչպես նաև՝ հայոց պատմություն առարկայի ուսուցիչը, հրազենային վնասվածք էր հասցրել ցուցարարներից մեկին: Նույն օրը երեկոյան՝ գյուղապետը հրաժարական է տվել:

Տպել
Ամենաշատ