News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Կրակի ճիրաններում է հայտնվել Փարիզի Աստվածամոր տաճարի ձախակողմյան աշտարակը՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Այն բանից հետո, երբ հրդեհի հետեւանքով ամբողջովին փլուզվել էին տաճարի աշտարակն ու տանիքը, կրակն անցել է շենքի հիմնական կոնստրուկցիաներին, որից հետո հայտնվել է տաճարի ձախակողմյան աշտարակում։

Ֆրանսիայի ՆԳՆ-ին կից պետական քարտուղար Լորան Նունյեսը հայտարարել է, որ հրդեհի հետեւանքով ոչ ոք չի տուժել՝ հայտնում է Reuters-ը։

Շատերը, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, առաջարկել են հրդեհը ավիացիայի օգնությամբ մարել։ Ֆրանսիական քաղաքացիական պաշտպանությունը բացատրում է, որ նման հնարավորություն չկա, քանի որ հրշեջ ինքնաթիռները հարմարեցված չեն նմանատիպ հրդեհների մարման համար եւ կարող են վնասել նաեւ տաճարի պատերը։

Le Monde թերթը գրում է, որ հրշեջ ինքնաթիռները չէր կարելի օգտագործել, քանի որ դրանք 6 տոննա ջուր են լցնում օդից, եւ շատ մեծ է տաճարն ամբողջովին քանդելու հավանականությունը։ Բացի այդ, կարող են տուժել նաեւ մարդիկ եւ հարակից կառույցները։

Աստվածամոր տաճարի մամուլի քարտուղար Անդրե Ֆինոն ֆրանսիական ԶԼՄ-ներին ասել է, որ տաճարի փայտյա հարդարանքն ամբողջությամբ այրվում է եւ հավանաբար կփլուզվի։

Նրա խոսքերով, կրակը չի վնասել տաճարի մասունքները, քանի որ դրանք պահոցում են, եւ նրանց ոչինչ չի սպառնում։

Փարիզի փոխքաղաքապետ Էմանուել Գրեգուարը հայտնել է, որ հրդեհը «շենքին հսկայական վնաս» է հասցրել։ Նրա խոսքերով, տեղի իշխանությունները ձեւավորել են հատուկ առաքելություն, որը կփորձի պահպանել ներսում գտնվող արվեստի ստեղծագործությունները։ Արտակարգ ծառայությունները նախապատվությունը տվել են զբոսաշրջիկների եւ քաղաքի բնակիչների անվտանգության պաշտպանությանը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցներ է ունեցել Ֆրանսիայի իշխանությունների ներկայացուցիչների հետ՝ կապված Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհի հետ։ Ամերիկյան առաջնորդն այդ մասին հայտնել է Մինեսոտա նահանգում տնտեսական եւ հարկային բարեփոխումներին նվիրված կլոր սեղանի ժամանակ։ Նա ընդգծել է, որ տաճարը «աշխարհի համարյա բոլոր թանգարաններից ամենափառահեղն է»։ «Դա սարսափելի է, եւ կարծես թե այն ամբողջությամբ կայրվի։ Դա մեր մշակույթի մի մասն է, մեր կյանքի մի մասն է, ես եղել եմ այնտեղ։ Աշխարհում երկրորդ այդպիսի տաճար չկա։ Այն աշխարհի փառահեղ գանձերից մեկն է»,- նշել է Թրամփը՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ