News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Կառավարության օպտիմալացմանը որեւէ հիմնավորում չբերվեց, բացի ինտուիցիայից։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 17-ին, ԱԺ-ում Կառավարության կառուցվածքի փոփոխությունների հարցի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Այսինքն` օպտիմալացումը կատարվում է՝ ապավինելով կառավարության ինտուիցիային, ես չեմ ուզում կասկածի տակ դնել կառավարության եւ նրա առանձին անդամների ինտուիցիան,  բայց հատկապես այս դեպքում, երբ գործ ունենք մարդկային ճակատագրերի հետ, քաղաքացիների, որոնց մի մասը գործազուրկ է, մյուսն էլ այս օպտիմալացման հետեւանքով գործազուրկ կդառնա, նման դեպքում ես անգամ Վանգայի ինտուիցիայի վրա հույս չէի դնի»,-ասաց նա։

Նաիրա Զոհրաբյան նշեց, որ իրենց խաչաձեւ հարցերին, թե թե որքան գումար է խնայվելու օպտիմալացման արդյունքում, որեւէ թիվ չասվեց. «Փոխարենը ֆինանսների նախարարի եւ փոխվարչապետի նամակագրական էպիստոլյար  ժանրից տեղեկացանք, որ եթե անգամ 10 հազար հանրային արդյունք չստեղծող դառնա գործազուրկ, դրանից շահելու է հայոց պետականությունը»:

Զոհրաբյանը նկատեց, թե իրենց պատասխանում են, որ գործազուրկ դարձողները ռեզերվում են նստելու, բայց ոչ ոք չի կասկածում, որ նստելու են հավերժ։

Պատգամավորըն անդրադարձավ նաեւ Մշակույթի նախարարության տարալուծմանը՝ նշելով. «Եթե Հայաստանն այսօր ունի եզակի մրցունակ համաշխարհային բրենդ, դա մշակույթն է։ Եթե նախկին որոշ նախարարներ մշակույթի ոլորտի քաղաքականության հիմնաքար են համարել մահացած որեւէ հայտնի արվեստագետի պանիխիդայի մենյուն կազմելը, դա հաստատ հիմնավոր պատճառ չէ մշակույթի նախարարության դուռը փակելու համար:

Որեւէ արտառոց բան չկա, եթե մշակույթի այս պահին դեռ պատասխանատուի համար  Սոս Սարգսյանը ժանր է, իսկ Օպերան թատրոն չէ, մշակութային այս նոր թրենդի մեջ ոչինչ բացառել չի կարելի:

Քանի որ չտրվեցին մեզ համար կարեւոր հարցերի պատասխանները, որն է պատճառը, որեւէ արդյունավետության ցուցիչ չտրվեց, չասվեց, թե որքան գումար է խնայվելու, եւ պահեստային նստարանին նստեցնելով գործազուրկներին, ինչ է լինելու այդ մարդկանց ճակատագիրը, ԲՀԿ-ն ոչ թե ինտուիցիայով, այլ հստակ համոզմունքով դեմ է քվեարկելու առաջարկված նախագծին»,-հայտարարեց Զոհրաբյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել