News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

eBay ինտերնետ-աճուրդի է հանվել լոտ, որը հետաքրքրություն է ներկայացնում հնէաբանների համար. այն առաջարկվել է 2,95 մլն դոլարով։ Դա «գիշատիչ տիտանոզավրի միակ կմախքն է»՝ 4,5 մետր երկարությամբ եւ ավելի քան կես մետրանոց գանգով, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Մսակեր դինոզավրի մնացորդները, որն ապրել է 68 մլն տարի առաջ, հայտնաբերվել են 2013 թվականին Մոնտանա (ԱՄՆ) նահանգում, մասնավոր տարածքում։ Կմախքը դարձել է պրոֆեսիոնալ պեղող Ալան Դետրիչի սեփականությունը։

2017-ին Դետրիչը կմախքը հանձնել է Կանզասի համալսարանի բնական պատմության թանգարանին, որտեղ այն ցուցադրվել է այնքան ժամանակ, մինչեւ որ սեփականատերը որոշել է այն աճուրդի հանել։

Այդ քայլը առաջ է բերել գիտնականների քննադատությունը, որոնց կարծիքով՝ այդ մնացորդների հետազոտությունը կարող էր օգնել լուծելու վաղեմի վեճը՝ արդյո՞ք Հյուսիսային Ամերիկայի «փոքրիկ տիտանոզավրերը» փոքրիկներ են, թե՞ Nanotyrannus առանձին տեսակի ներկայացուցիչներ։ Իսկ հիմա այդ ուսումնասիրությունը, ըստ փորձագետների, անհնար կդառնա, որովհետեւ այն կարող է հայտնվել մասնավոր անձի ձեռքում։

«Այս քայլը գրավել է հարյուրավոր, հազարավոր մարդկանց ուշադրությունը եւ բարձրացրել նրա առեւտրային արժեքը,- The Guardian թերթը մեջբերում է Ողնաշարավորների հնէաբանության ընկերության (SVP) նամակից մի հատված։- Թանգարանները հաճախ միջոցներ չեն ունենում թանկ նմուշներ ձեռք բերելու համար, որոնք գտնվել են մասնավոր անձանց կողմից»։ Բայց առայժմ ոչ ոք հետաքրքրություն չի ցուցաբերել այդ գնով լոտի հանդեպ, թեեւ կայքում այն ավելի քան 100 մարդ է նայել։

Ավելի վաղ  անհայտ տեսակի գիշատիչ դինոզավր՝ 9 մետր երկարությամբ, ֆրանսիական Aguttes աճուրդում վաճառվել էր ավելի քան 2,3 մլն դոլարով։ Ֆրանսիացի գնորդը աճուրդը կազմակերպողներին հավաստիացրել էր, որ եթե կմախքը գնի, նա նմուշը կներկայացնի հանրությանը։ «Շուտով այն կցուցադրվի թանգարանում, այն կուսումնասիրեն գիտնականները»,- ասվում է հաղորդագրությունում։ Մինչպատմական գիշատչի մնացորդները գտնվել էին 2013 թվականին Վայոմինգ նահանգում (ԱՄՆ)։ Կմախքն ավելի քան 150 մլն տարեկան է եւ իր տարիքի համար հիանալի է պահպանվել. հնէաբաններին հաջողվել է գտնել ոսկրերի մոտ 70 տոկոսը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել